Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։ Այս մասին ասվում է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ:
«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել «Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի բովանդակության նկատմամբ պահանջներ» նախագծի հանրային քննարկմանը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ոլորտը կարգավորող ևս երեք կանոնակարգերի նախագիծ և հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց նախագծերի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնել մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը:
Նոր նախագծերն են՝
- կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի և ներկայացուցչության գործունեության թույլտվության տրամադրումը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, [Հավելվածներ,Ենթահավելված]
- կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերը,
- կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի ղեկավարների գրանցման կարգը, [Հավելվածներ]
Խնդրում ենք դիտարկումներն ու առաջարկությունները ուղարկել mcba@cba.am էլ. հասցեին՝ որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների կանոնակարգում — 2րդ փաթեթ», իսկ նամակում՝ Ձեր անուն-ազգանունը, առկայության դեպքում՝ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաև կոնտակտային տվյալներ հետադարձ կապի համար։
Ներկայացված առաջարկությունները Կենտրոնական բանկի կողմից ամփոփելուց հետո կկազմակերպվի հանդիպում դիտարկումներով հանդես եկած անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու նպատակով, իսկ ստացված դիտարկումներն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները կհրապարակվեն, — նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ:
Մանրամասների համար՝ https://www.cba.am/hy/news/on-the-discussion-of-draft-regulations-in-the-field-of-crypto-assets/470/
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում