Երկու շաբաթ անց, որպես Twitter-ի ղեկավար, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը առաջին նամակն է ուղարկել աշխատակիցներին, որում արգելել է նրանց աշխատել հեռակա կարգով, ինչպես նաև զգուշացրել է «դժվար ժամանակների» մասին, գրում է Foxbusiness-ը։
Մասկը բոլոր աշխատակիցներից պահանջել է շաբաթական առնվազն 40 ժամ անցկացնել գրասենյակում։ Այդ կանոնները, ըստ նամակի, ուժի մեջ են մտել «անհապաղ»: Գործարարը խոստացել է բացառություններ անել միայն հեռահար աշխատանքի դեպքերում, որոնք անձամբ կդիտարկի։
Միլիարդատերը նաև ափսոսանք է հայտնել գովազդային պայմանագրերից Twitter-ի մեծ կախվածության համար և ասել, որ ցանկանում է, որ սոցիալական ցանցի եկամուտի կեսը ստացվի օգտատերերի բաժանորդային վճարներից։
«Առջևում դժվար ճանապարհ է սպասվում, և հաջողության հասնելու համար կպահանջվի քրտնաջան աշխատանք»,- աշխատակիցներին ուղղված ուղերձում գրել է գործարարը։
Պարբերականը նշում է, որ մինչ Իլոն Մասկը, Twitter-ի աշխատակիցներին թույլատրվել է աշխատել ցանկացած վայրից՝ առանց գրասենյակ այցելելու։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում