Ի՞նչ պարտավորություն ունի օպերատորը
Օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարության արդյունքներով հաղթող ճանաչված հայտատուն պարտավոր է Հայաստանում ստեղծել նոր ընկերություն, որի հետ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 15 տարի ժամկետով կնքելու է պայմանագիր՝ օրենքով օպերատորի վրա դրված գործառույթների իրագործումն ապահովելու նպատակով։ Օպերատորի ֆինանսավորումն իրականացվելու է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջոցներով։
Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու օպերատորը
«Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օպերատորին վերապահվելու են հետևյալ գործառույթները․
Վկայագրեր և սերտիֆիկացում. Տրամադրում, երկարաձգում և դադարեցնում է օպերացիոն վկայագրերը, սահմանում է դրանց ժամկետներն ու վճարները, ապահովում է խաղային արտադրանքների սերտիֆիկացում կամ միջազգային լաբորատորիաների սերտիֆիկատների հաստատում։
Մոնիթորինգ և տեխնիկական վերահսկողություն․ Միացնում է խաղային արտադրանքները մոնիթորինգային կենտրոնին, ապահովում է կենտրոնի բնականոն աշխատանքը, իրականացնում է գործարքների ու հաշվառման տվյալների մոնիթորինգ, վերլուծություն ու ռիսկերի գնահատում, տրամադրում է վերահսկող մարմնին հեռահար հասանելիություն։
Քաղաքականություն և ստանդարտներ․ Ներկայացնում է առաջարկություններ մոնիթորինգային կենտրոնի տեխնիկական չափանիշների, «պատասխանատու» և «արդար խաղի» կանոնների, ինչպես նաև արտադրանքների ստանդարտների վերաբերյալ։
Համագործակցություն և խորհրդատվություն․Համագործակցում է պետական մարմինների հետ, տրամադրում է խորհրդատվություն, տեղեկացնում է շուկայի վիճակի, բարելավումների և ռիսկերի մասին, տալիս է կարծիք խաղացողների բողոքների վերաբերյալ։
Կազմակերպիչների հետ փոխհարաբերություններ․ Կնքում է ծառայությունների պայմանագրեր, ապահովում է կազմակերպիչների համար սահմանափակված անձանց վերաբերյալ տվյալների հասանելիություն, հայտնաբերված խախտումների մասին տեղեկացնում է լիազոր մարմիններին։
Ֆինանսական և վարչարարական հարցեր․ Սահմանում և հրապարակում է ծառայությունների գները (առավելագույն շեմի սահմաններում), ապահովում է անձնակազմի «փոխկապակցված չհամարվելու» պահանջը, պահպանում է ստացված տեղեկատվության գաղտնիությունը։
Շուկայի մոնիթորինգ։ Իրականացնում է խաղային շուկայի ընդհանուր մոնիթորինգ՝ ներառյալ խաղանիշերի, շահումների, արտադրանքների և իրադարձությունների վերաբերյալ տվյալների հավաքագրում և վերլուծություն։
Որո՞նք են օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները
Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության գործընթացում սահմանվում են մի շարք հիմնական պահանջներ, որոնք վերաբերում են ֆինանսական և տնտեսական, մասնագիտական, աշխատանքային, ինչպես նաև տեխնիկական կարողություններին․
1․ Ֆինանսական և տնտեսական կարողություն
Թեկնածուն պետք է ունենա բավարար ֆինանսական կայունություն, կարողանա ապացուցել իր ֆինանսական առողջությունը, ունենա ազատ դրամական հոսքեր և հասանելի ֆինանսավորում, հետևաբար, պարտադիր են հետևյալ պահանջները․
Ֆինանսական առողջություն
- Վերջին երեք ֆինանսական տարիների աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները, որոնք պետք է ցույց տան, որ թեկնածուն չի գտնվում անվճարունակության գործընթացներում, ինչպես նաև վկայեն նրա հետագա երկարաժամկետ շահութաբերության մասին։
- Թեկնածուի զուտ ակտիվների արժեքը պետք է լինի դրական, այսինքն ակտիվները պետք է գերազանցեն պարտավորությունները, իսկ կոնսորցիումի դեպքում՝ այս կետը պետք է բավարարեն բոլոր անդամներն առանձին-առանձին։
Սեփական կապիտալ
Թեկնածուն կամ եթե թեկնածուն կոնսորցիում է, ապա բոլոր անդամները միասին պետք է ունենան առնվազն 10 մլն ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամի սեփական կապիտալ։ Կոնսորցիումի դեպքում առաջատար անդամը պետք է ունենա առնվազն 5 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի, իսկ մնացած անդամներից յուրաքանչյուրն առնվազն 1 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի սեփական կապիտալ։
Ազատ դրամական հոսքեր
Թեկնածուն, իսկ եթե թեկնածուն կոնսորցիում է, ապա բոլոր անդամները միասին ընդհանուր առմամբ պետք է ունենան առնվազն 3 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի չափով ազատ դրամական հոսքերը վերջին հաստատված ֆինանսական տարվա ընթացքում։
Հասանելի ֆինանսավորում
Թեկնածուն կամ կոնսորցիումի բոլոր անդամները ընդհանուր առմամբ պետք է հավաստեն 3 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի չափով հասանելի ֆինանսավորման մասին հետևյալ տարբերակներից առնվազն մեկով՝
- ազատ ներդրումային միջոցների ապացույցներ (ավանդ կամ արժեթղթեր՝ առանց գրավի), կամ
- նշված գումարի վարկավորումը պարտավորվող բանկի կամ բանկերի երաշխիքային նամակներով (բանկը պետք է համապատասխանի «Հուսալի բանկերի պահանջներին»)։
2․ Մասնագիտական կարողություն
Թեկնածուն պետք է ապացուցի, որ ունի գործնական փորձ խաղային ինտերնետային գործունեության մոնիթորինգի տեխնիկածրագրային համակարգի վերջնական նախագծման և ներդրման գործում, որն ապահովում է խաղանիշերի, խաղադրույքների, շահումների և խաղային գործունեության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության գրանցում, պահպանում, հաշվառում, վերլուծություն, ռիսկերի գնահատում, զեղծարարության բացահայտում։ Այս կարողության մասով պահանջվող ապացույցները և պայմանները հետևյալն են․
- ծրագիրը պետք է ավարտված լինի վերջին 5 տարիների ընթացքում,
- պետք է բացակայեն չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ապացուցված դեպքերը,
- ներկայացնել հայտի ներկայացման պահին որևէ երկրում կիրառվող գործող օրինակ,
- ունենալ ISO/IEC 27001:2022 միջազգային ստանդարտի հավաստագիր,
- ներկայացնել ծրագրի հաջող իրականացման և ներկայում կիրառման մասին պատվիրատուի երաշխավորագիր,
Եթե փորձը ստացվել է կոնսորցիումում, ապա թեկնածուն այդ կոնսորցիումում պետք է լինի առաջատար անդամ։ Կոնսորցիումի դեպքում այս չափանիշը կարող է բավարարվել անդամների միասնական որակավորումներով։
3․ Աշխատանքային ռեսուրսներ (թիմ)
Օպերատորի գործունեության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ թիմ, որն իր գործունեությունն իրականացնում է թափանցիկության և հաշվետվողականության հիման վրա՝ նպաստելով խաղացողների իրավունքների պաշտպանությանը, միջազգային չափորոշիչներին խաղային ոլորտի համապատասխանությանը և վերահսկողության բարձրացմանը: Հայտատուն պարտավոր է ներկայացնել նոր ստեղծվելիք օպերատոր ընկերության համար նախատեսվող նախագծային թիմի հիմնական կազմը՝ առնվազն 7 հիմնական մասնագետների ինքնակենսագրականները (CV)` կոնկրետ նախագծային փորձով.
- Գլխավոր տնօրեն` խոշոր ՏՏ համակարգերի ներդրման առնվազն 10 տարվա աշխատանքային փորձով (ներառյալ՝ խաղային վերահսկողություն կամ գործարքների մոնիթորինգ)։
- Տեղեկատվական համակարգերի ճարտարապետ՝ գործարքային տվյալների բազաների և իրական ժամանակում մոնիթորինգի համակարգերի ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձով։
- Խաղային համապատասխանության մասնագետ՝ խաղային ոլորտը կարգավորող մարմինների հետ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։
- Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասնագետ (AML/CFT)՝ Financial Action Task Force (FATF) չափանիշներին համապատասխան համակարգերի ներդրման փորձով։
- Կիբեռանվտանգության ղեկավար՝ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում առնվազն 7 տարվա աշխատանքային փորձով։
- Տվյալների պաշտպանության մասնագետ՝ General Data Protections Rules (GDPR) կամ համարժեք անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության իմացությամբ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով։
- Որակի ապահովման և հավաստագրման մասնագետ՝ Gaming Labs International (GLI) կամ համարժեք միջազգային փորձարկման և հավաստագրման գործընթացների իմացությամբ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով։
Պայմանագրի կնքման պահին օպերատոր ընկերության նշված պաշտոնները պետք է զբաղեցնեն հենց այն անձինք, որոնց ինքնակենսագրականները ներկայացվել են կամ համարժեք փորձով մասնագետներ՝ հիմնավորված փոխարինմամբ։ Կոնսորցիումի դեպքում թիմի պահանջները կարող են բավարարվել համատեղ։
4․ Տեխնիկական միջոցներ
Հայտատուն պարտավոր է ապահովել իր առաջարկին համարժեք ամբողջ տեխնիկական ենթակառուցվածքը և միջոցները, որոնք պահանջվելու են առաջարկի հարցման փուլում ներկայացված տեխնիկական առաջարկի իրագործման համար։
Ե՞րբ և ինչպե՞ս դիմել մրցույթին
Որակավորման հայտերը պետք է ներկայացնել առձեռն՝ թղթային տարբերակով ք․ Երևան, Դեղատան 3 հասցեով։ Հայտերը և կից փաստաթղթերը դիմումատուները կարող են ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է 2025 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը՝ 18։00-ին։ Որակավորման հայտերը բացվելու են 2025 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 16։00-ին, ք․ Երևան, Մ․ Խորենացու 3, 7 հասցեում։
Լրացուցիչ տեղեկատվության դեպքում կարող եք զանգահարել (+374) 10 30 42 91 հեռախոսահամարով կամ գրել mariana_udumyan@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին։ Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարությանը և որակավորման հարցման հայերեն, անգլերեն և ռուսերեն ամբողջական տարբերակներին կարող եք ծանոթանալ այստեղ։
