Փարիզի դատախազությունը հայտնել է, որ Լուվր թանգարանից գողացված կայսերական զարդերի արժեքը գնահատվել է շուրջ 88 միլիոն եվրո, սակայն այդ գումարը չի ներառում դրանց պատմական և մշակութային արժեքը Ֆրանսիայի համար։
Դատախազ Լորա Բեկկոն RTL հեռուստաալիքի հետ զրույցում ընդգծել է, որ հանցագործները չեն կարողանա ստանալ այդ ամբողջ գումարը, եթե փորձեն ապամոնտաժել կամ վաճառել զարդերը․
«Այս զարդերի հանցագործները չեն վաստակի 88 միլիոն եվրո, եթե դրանք ապամոնտաժեն։ Մենք հույս ունենք, որ նրանք կմտածեն այդ մասին և չեն ոչնչացնի դրանք առանց պատճառի»։
Գողության գործով ներկայումս զբաղվում է շուրջ 100 քննիչ։
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին հայտնել է, որ Լուվրի անվտանգության համակարգը գողության պահին գործել է պատշաճ ձևով, սակայն չի մանրամասնել, թե ինչպես է հանցախումբը կարողացել իրականացնել կողոպուտը՝ չնայած գործող տեսախցիկներին։
Պաշտոնական տվյալներով՝ կողոպուտը տևել է ընդամենը ութ րոպե, որոնցից հանցագործները թանգարանի ներսում գտնվել են չորսից պակաս։
Դատին միջադեպը նկարագրել է որպես ազգային ցավ․
«Լուվրը միայն աշխարհի ամենամեծ թանգարանը չէ։ Դա մեր ֆրանսիական մշակույթի և մեր ընդհանուր ժառանգության դեմքն է։ Այս դեպքը վերք է մեզ բոլորիս համար»։