Կապահովվի պետական պարտքի ոլորտի կարգավորման արդիական համակարգ՝ միջազգային ֆինանսական կառույցների չափանիշներին համահունչ. նախագիծ

5 Min Read

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը տեղեկացրեց՝ փոփոխությունները նաև մեր միջազգային գործընկերների խնդրանքն է և հորդորը, որպեսզի համապատասխանեցնենք մեր օրենսդրությունը միջազգային լավագույն պրակտիկային:

Նա հայտնեց՝ ինչ փոփոխություններ են իրականացնում:

«1. «Պետական պարտք» սահմանումից դուրս է գալիս Կենտրոնական բանկի պարտքը, և ավելանում է համայնքների պարտքը,

2. Կառավարության պարտքից հանվում են երաշխիքները, որովհետև իրականում դա պարտք չէ, այլ պայմանական պարտավորություն, միաժամանակ այլ փոփոխություններ են իրականացվում»,- ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ ներառում են երկու կարևորագույն փոփոխություն: Առաջին՝ եթե Կառավարության պարտքը գերազանցում է 60 տոկոսը, Կառավարությունը, պետությունը իրավունք չունեն վերցնելու լրացուցիչ  պայմանական պարտավորություններ կամ թողարկելու երաշխիքներ, բացառությամբ, եթե դա համապատասխան ձևով Ազգային ժողովի հետ համաձայնեցված չէ:

«Եվս մեկ դրույթ. երբ ասում ենք՝ Կառավարության պարտքի, երաշխիքների, պայմանագրային պայմանական պարտավորությունների հանրագումարի 70 տոկոսը ՀՆԱ-ի գերազանցում է, նույն դրույթն է կիրառվում, այսինքն՝ մենք պետք է գանք և ԱԺ-ին ներկայացնենք, թե ինչու այս կամ այն երաշխիքն ենք ուզում թողարկել կամ այս կամ այն պայմանագրային պայմանական պարտավորությունն ենք ուզում վերցնել»,- տեղեկացրեց ֆինանսների նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ եթե Կառավարության պարտքը 2024-ի վերջին 48 տոկոս էր, եթե օրինակ՝ այս կանոնը 2024 թվականին կիրառվեր, կկազմեր 47,88 տոկոս:

Այսպիսով, նախագծերով առաջարկվում է ամրագրել մի շարք փոփոխված և նոր կարգավորումներ, մասնավորապես՝

  •  սահմանել «հանրային հատվածի պարտք» հասկացությունը և դրա կազմում ներառել պետական պարտքը, հանրային հատվածի ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքը.
  • վերանայել պետական պարտքի ներգրավման նպատակները, ինչպես նաև պետական պարտքի կառավարման հիմնական նպատակը՝ նոր կարգավորումներին և միջազգային լավագույն փորձին համահունչ.
  • ամրագրել պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման հստակ լիազորություն՝ այն վերապահելով լիազոր մարմնին.
  • նախատեսել փոխառությունների տարեկան ծրագրի մշակման և հրապարակման օրենսդրական պահանջ.
  • սահմանել լիազոր մարմնի իրավասությունը՝ վարկային միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո կատարելու պայմանագրով նախատեսված փոփոխություններ.
  • երաշխիքներին առնչվող դրույթները Օրենքից տեղափոխել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենք՝ ապահովելով բյուջետային երաշխիքների հետ կապված իրավահարաբերությունների համախմբված և ամբողջական կարգավորումը, սահմանել պայմանական պարտավորությունները պետական պարտքի մեջ ներառելու պայմանները և դեպքերը.
  • սահմանել, որ եթե Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը, ապա տվյալ տարվա ընթացքում կառավարության կողմից արգելվում է ստանձնել պայմանագրային պայմանական որևէ նոր պարտավորություն և բյուջետային երաշխիքներից բխող որևէ նոր պարտավորություն, բացառությամբ եթե այդ նոր պարտավորությունը ներառվում է Ազգային ժողովի կողմից հաստատված պետական բյուջեի մասին օրենքում.
  • սահմանել, որ եթե նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի, պայմանագրային պայմանական պարտավորությունների և բյուջետային երաշխիքներից բխող պարտավորությունների հանրագումարը գերազանցում է նախորդ տարվա ՀՆԱ-ի 70%-ը, ապա տվյալ տարվա ընթացքում կառավարության կողմից արգելվում է ստանձնել պայմանագրային պայմանական որևէ նոր պարտավորություն կամ բյուջետային երաշխիքներից բխող նոր պարտավորություն, բացառությամբ եթե այդ նոր պարտավորությունը ներառվում է Ազգային ժողովի կողմից հաստատված պետական բյուջեի մասին օրենքում:

Նշենք, որ վերոնշյալ 2 դրույթների մասով բյուջետային երաշխիքների հաշվարկում չեն ներառվում առաջնային գրավով ապահովված այն բյուջետային երաշխիքները, որոնց առաջնային ապահովման առարկայի գնահատած շուկայական արժեքը առնվազն հավասար է բյուջետային երաշխիքի 120%-ի.

  • սահմանել, որ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է նաև տեղեկություններ՝

— պայմանագրային պայմանական պարտավորությունների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պետության պայմանագրային պայմանական պարտավորությունների հանրագումարը,

— բյուջետային երաշխիքների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բյուջետային երաշխիքներից բխող պարտավորությունների հանրագումարը, ինչպես նաև հաշվետու տարվա ընթացքում ստանձնած բյուջետային երաշխիքներից բխող նոր պարտավորությունները,

— պետության՝ համաձայն «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի (ՀՀՀՀՍ)» իմաստով ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնություններից բխող պարտավորությունների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա ընթացքում ստանձնած այդպիսի համաձայնություններից բխող նոր պարտավորությունները:

  • ամրագրել պետական պարտքի և հանրային հատվածի պարտքի հրապարակայնության և հաշվետվողականության ծածկույթը և պարբերականությունը կարգավորող նորմեր.
  • վերանայել հիմնադրամների անձեռնմխելի կապիտալը պետական գանձապետական պարտատոմսերում ներդնելու մեխանիզմը:

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի ոլորտի կարգավորման արդիական համակարգ՝ միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համահունչ, ինչպես նաև նորմատիվ իրավական կարգավորմամբ լուծել գործնականում ի հայտ եկած և օրենսդրական կարգավորում պահանջող հարցերն ու խնդիրները:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով