Հոկտեմբերի 20-ին «ՀԷՑ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել ընկերության կարիքների համար բարձր և ցածր լարման 7 տեսակի՝ շուրջ 2500 հատ կցորդիչների ձեռքբերման նպատակով մրցութային հանձնաժողովի նիստ՝ որի շրջանակներում ամփոփվել են փորձագիտական խմբի եզրակացության արդյունքները, քննարկվել ստացված գնային առաջարկները և հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է մրցույթի հաղթող ընկերությունը: Այս մասին հայտնել է «ՀԷՑ» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը:
«Համաձայն առաջին՝ գնանշման փուլի արդյունքների այս մրցութային գործընթացի նկատմամբ հետաքրքրություն դրսևորած ընկերությունների թիվը վեցն էր, 2-րդ փուլով՝ տեխ. բնութագրերի տրամադրումից հետո Ընկերությանը գնային առաջարկ են ներկայացրել թվով երկու ընկերություններ, իսկ արդեն 3-րդ փուլին՝ բուն գնման մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել հինգ ընկերություններ:
Մրցութային հանձնաժողովի կողմից ստացված գնային առաջարկների դիտարկման արդյունքում պարզվել է, որ մասնակից ընկերությունների կողմից ներկայացված նվազագույն գնային առաջարկը կազմում է 76,012,000.00 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ), իսկ առավելագույն գնառաջարկը՝ 109,898,000.00 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ):
Նիստի ընթացքում մրցութային հանձնաժողովի կողմից մասնակիցներին առաջարկվեց իրականացնել վերասակարկություն, որի արդյունքում հաղթող ճանաչվեց նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը՝ առաջարկելով 58,500,000.00 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ) ընդհանուր արժեք:
Արձանագրենք, որ 2025թվականի համար «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից հաստատված գնումների տարեկան պլանով այս գնման առարկաների ձեռքբերման համար նախատեսված էին 128,877,000.00 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ) ֆինանսական միջոցներ:
Հատկանշական է, որ «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո, ընկերության բնականոն գործունեության ապահովման նպատակով իրականացվող ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների թափանցիկ, ներառական և բաց մրցութային եղանակով իրականացնելու միջոցով միայն այս գնման առարկայի դեպքում Ընկերությունը խնայել է ավելի քան 70,000,000.00 ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ:
Շնորհակալություն ենք հայտնում Ընկերության այս և մյուս մրցութային գնման գործընթացներում մասնակցության պատրաստակամություն հայտնած և ներգրավված տնտեսավարողներին, ովքեր ազատ մրցակցային պայմաններում առաջարկում են լավագույն գին/որակ հարաբերակցություն՝ դրանով խթանելով ոլորտի տնտեսական ակտիվացմանն ու որպես դրա արդյունք՝ անխուսափելի զարգացմանը»,- ասվում է ՀԷՑ-ի հաղորդագրության մեջ: