Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց , որ Հայաստանը Գերմանիայից կստանա 84,6 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն։
Այս գումարի մի մասը կտրամադրվի որպես դրամաշնորհ, իսկ մյուս մասը՝ որպես վարկային միջոց։
«Գերմանիայի կողմից Հայաստանին կտրամադրվեն 84,6 միլիոն եվրոյի ֆինանսական միջոցներ, որից 18,6 միլիոն եվրոն գրանտային, իսկ 66 միլիոնը՝ վարկային միջոցներ են։ Վարկային բաղադրիչը նույնպես բավականին շահավետ է՝ առաջին փուլով 26 միլիոն եվրոյի վարկը կտրվի 0,9 տոկոսով, իսկ երկրորդ փուլով 40 միլիոն եվրոն՝ 0,82 տոկոսով»,— նշեց նախարարը։
Գերմանիայի վերակառուցման վարկերի բանկի (KfW) հետ կնքված համաձայնագրի շրջանակում Հայաստանի Կենտրոնական բանկը կիրականացնի վարկային միջոցների կառավարումը։
ԿԲ-ն այդ գումարները վարկային ծրագրերով կհանձնարարի առևտրային բանկերին, որոնք էլ կտրամադրեն վարկեր փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ էներգաարդյունավետության և արտադրական արդիականացման նպատակներով։
«Վարկային միջոցները կօգտագործվեն էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման, շենքերի ջերմամեկուսացման, ջեռուցման և օդորակման համակարգերի արդիականացման, լուսավորության համակարգերի բարելավման, արևային պանելների և կուտակիչների տեղադրման համար։ Եթե նախորդ փուլում շեշտը դրված էր արևային պանելների վրա, ապա այժմ հիմնական ուշադրությունը կենտրոնացված է էներգիայի կուտակիչների համակարգերի վրա»,– ընդգծեց նախարարը։
Նրա խոսքով՝ այս ծրագրի միջոցով հնարավորություն կստեղծվի փոքր և միջին բիզնեսների համար՝ կիրառել էներգախնայող լուծումներ, նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը և զարգացնել կանաչ տեխնոլոգիաները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում