Կառավարության հերթական նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շրջանակում ընդունվել են մի շարք որոշումներ:
Գործադիրը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և համապատասխան որոշման մեջ և 1,449,852.0 հազար դրամ հատկացնել Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին: Որոշման նպատակը Հայաստանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումն է:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով բյուջետային աջակցության Ծրագրի ներքո Հայաստանին կտրամադրվեն 100 մլն եվրո վարկային միջոցներ, որոնք կուղղվեն «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
Գործադիրի որոշումներով, «Քանաքեռի կարի ֆաբրիկա», «Դրիմի դոմս», «Բեստպակ», «Բարսիս», «Ալեքս Սոկս» ՍՊԸ-ները և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից:
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև՝ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին օրենսդրական նախաձեռնությանը և համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Ավելին` այստեղ։