ՀՀ առևտրային բանկերը շարունակում են իրենց բնականոն գործունեությունը, ինչի մասին են վկայում բանկերի կողմից հրապարակված հաշվետվությունները 2025թ․ երրորդ եռամսյակի մասով։
Մասնավորապես, 2025թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ-ում գործունեություն ծավալող առևտրային բանկերի շահույթի ընդհանուր ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 19%-ով՝ կազմելով մոտ ֏ 308 մլրդ։
Դիտարկենք շահույթի ծավալները 2025թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում` ըստ առևտրային բանկերի․
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ շահույթի ծավալների առավելագույն մակարդակ արձանագրած բանկերի առաջին եռյակում հայտնվել են հետևյալ բանկերը․
- Արդշինբանկ՝ ֏103 մլրդ,
- Ամերիաբանկ՝ ֏ 51 մլրդ,
- Ակբա բանկ՝ ֏ 27 մլրդ։
Առաջին երեք հորիզոնականներում գտնվող երեք բանկերի շահույթները 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ աճեր են արձանագրել։ Մասնավորապես, Արդշինբանկի շահույթն աճել է 25%-ով, Ամերիաբանկի դեպքում՝ 23%-ով, և Ակբա բանկի պարագայում՝ 24%-ով։
2025թ․ հունվար-սեպտեմբերին նվազագույն շահույթ արձանագրած բանկերի առաջին եռյակում են հայտնվել հետևյալ բանկերը․
- Բիբլոս Բանկ Արմենիա՝ ֏ 1․2 մլրդ,
- Արցախբանկ՝ ֏ 3․5 մլրդ,
- Մելլաթ բանկ՝ ֏ 4․8 մլրդ։
Նվազագույն շահույթներ արձանագրած Բիբլոս Բանկ Արմենիայի շահույթը 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 48%-ով, Արցախբանկի դեպքում՝ 16%-ով, և Մելլաթ բանկի պարագայում՝ 5%-ով։
Վիճակագրական տվյալները ուսումնասիրելիս պարզ է դարձել, որ 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ շահույթի ծավալների ամենամեծ աճն արձանագրվել է Ամիօ բանկի դեպքում`մոտ 3 անգամ։ Մյուս կողմից, շահույթի ամենամեծ անկումը՝ 25%-ով, դիտվել է Արմսվիսբանկի պարագայում։
Հարկ է նշել նաև, որ 2025թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում առավելագույն շահույթի ծավալներ արձանագրած բանկի շահույթի ծավալները գերազանցել են նվազագույն շահույթ արձանագրած բանկի շահույթի ծավալները շուրջ 87 անգամ։
- ՀՀ բոլոր առևտրային բանկերը 2025թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում շահույթով են աշխատել։