Կանադական նավթի արտահանումը Չինաստան այս ամսվա ընթացքում աճում է պատմական առավելագույն տեմպերով, հաղորդում է Bloomberg-ը։ Չինական ներմուծողները մեծացնում են նավթի գնումները Կանադայից՝ ԱՄՆ-ից մատակարարումների կրճատման ֆոնին։
Հրապարակման համաձայն՝ նավերի շարժը հետևող Vortexa համակարգը ֆիքսել է Վանկուվերից նավթի արտահանման աննախադեպ աճ․ հոկտեմբերի առաջին 15 օրերի ընթացքում արտահանվել է մոտ 5 միլիոն բարել նավթ, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս ժամանակահատվածի համար։
Ավելի քան 70% տանկերները, դուրս գալով Բրիտանական Կոլումբիայի նավահանգստից, ուղղվում են դեպի Չինաստան, իսկ մնացածը՝ դեպի ԱՄՆ արևմտյան ափ՝ Լոս Անջելեսի շրջակայք, որտեղ բեռները հաճախ վերաբեռնվում են ավելի մեծ տանկերների վրա կամ ուղարկվում են առանց հստակ նշված վերջնական հասցեի։
Չինական ընկերությունները ավելացնում են օտարերկրյա նավթի ներմուծումը օրական ավելի քան 500 հազար բարելով, օգտագործելով Ռուսաստանի և Իրանի նավթի զեղչային գները։ Այս միտումը զարգանում է ԱՄՆ-ի աճող տնտեսական ճնշման պայմաններում, որը նպատակ ունի սահմանափակել այդ երկրների նավթային եկամուտները։ Միաժամանակ Պեկինը, ձգտելով նվազեցնել կախվածությունը ամերիկյան նավթից՝ առևտրային հակասությունների սրման ֆոնին, ավելացնում է Կանադայից գնվող ծավալները։
Բացի այդ, Չինաստանի կողմից վերջերս սահմանված նավահանգստային հակադարձ մաքսատուրքերը ամերիկյան նավթ տեղափոխող նավերի համար բարձրացրել են Ասիա նավթի փոխադրման ծախսերը։
Argus-ի գնահատմամբ՝ Վանկուվերից արտահանվող կանադական նավթն այժմ վաճառվում է պրեմիայով՝ Տեխասի նավահանգիստներ մատակարարվող կանադական նավթի համեմատ, ինչը առաջին անգամ է արձանագրվում 2024-ի սեպտեմբերից ի վեր։ Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքի ծանր նավթի տեսակները վերջին ամիսներին թանկացել են Brent-ի համեմատ, չնայած ՕՊԵԿ+ դաշինքի շրջանակներում արտադրության աճին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում