Ռուսաստանը ճանաչվել է Եվրոպայի ամենախոշոր կրիպտոշուկան

2 Min Read

Ռուսաստանը դարձել է Եվրոպայի առաջատար երկիրը կրիպտոարժույթների գործարքների ծավալով՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից, հայտնում է բլոքչեյն-վերլուծությամբ զբաղվող Chainalysis ընկերությունը։ Ըստ հաշվարկների՝ 2023-ի հուլիսից մինչև 2025-ի հունիսը Ռուսաստանում իրականացվել է մոտ $376 միլիարդ արժողությամբ գործարք։

Հիմնական դեր է խաղացել ռուբլով ապահովված A7A5 ստեյբլքոյնը, որն օգտագործվում է սահմանային փոխանցումների համար՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները։ ԵՄ-ում արդեն քննարկվում է A7A5-ի և դրա օպերատորների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը, սակայն փորձերը ցանցը արգելափակելու ուղղությամբ՝ միայն հանգեցրել են դրա վերաձևավորմանը։

Մինչ Ռուսաստանում ակտիվությունը աճել է գրեթե 86%, մյուս երկրներից Գերմանիան, Լեհաստանը և Ուկրաինան ցուցադրել են ամենաբարձր աճը՝ և՛ ինստիտուցիոնալ ներդրողների, և՛ շարքային օգտատերերի հետաքրքրվածության պատճառով։ Գերմանիան զբաղեցրել է երրորդ տեղը՝ $219 մլրդ, ապա՝ Ուկրաինան և Ֆրանսիան։

Chainalysis-ի տվյալներով՝ A7A5 ստեյբլքոյնը ստեղծվել է A7 վճարային ընկերության կողմից, որը վերահսկում են մոլդովացի նախկին բանկիր Իլան Շորը (51%) և ՌԴ Պրոբիզնեսբանկը (49%)։ Վերջինս ապահովում է ստեյբլքոյնի կապը ռուբլու հետ, իսկ ֆինանսավորումը տրամադրել է ՌԴ Զարգացման պետական բանկը՝ ՎԷԲ-ը։

Ըստ Elliptic-ի՝ 2025-ի սեպտեմբերի 26-ի դրությամբ շրջանառության մեջ կար 41,6 միլիարդ A7A5 թոքեն՝ ընդհանուր արժեքով $496 մլն, որոնց միջոցով կատարված գործարքների ծավալը հասել է $68 միլիարդի։ Միայն մեկուկես ամսում, օգոստոսից սկսած, դրանցով իրականացվել է $6,1 մլրդ գործարք։

ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Grinex կրիպտոբորսան՝ գրանցված Ղրղզստանում, փոխարինել է Garantex մոսկովյան բորսային, որի գործունեությունը ավելի վաղ սահմանափակվել էր Վաշինգտոնի կողմից։ Այժմ Եվրամիությունը քննարկում է A7A5-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը, քանի որ այն դառնում է Ռուսաստանի համար ավանդական միջազգային հաշվարկային համակարգի փոխարինող գործիք։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով