Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ինչ նախագծեր են ստացել դրական եզրակացություն

3 Min Read

ՀՀ ընդերքի մասին ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո տեխնիկական բնույթի փոփոխություններ են եղել: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:

Առաջին ընթերցումից հետո բովանդակային փոփոխություն չեն կրել նաև «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվող հաջորդ հարցը վերաբերել է Կադաստրի կոմիտեի արխիվային գործերի թվայնացմանը և քաղաքացիներից փաստաթղթերի հավաքագրմանը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կարծիք է հայտնել, որ առաջարկվող կարգավորմամբ պետական մարմնի վարչարարությունը կթեթևանա: Բնօրինակ փաստաթղթերը կպահպանվեն քաղաքացու մոտ, բայց օրենսդրորեն կստեղծվեն հիմքեր, որոնցով թվային արխիվը կստանա նույն կարգավիճակը, ինչ ունի բնօրինակ փաստաթուղթը: Կադաստրի կոմիտեի թվային արխիվի պահպանման և կառավարման համար որոշակի ծախսեր են պահանջվում: Այս փոփոխությամբ նաև թղթային արխիվի մեծացման խնդիրը կլուծվի:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը քննարկման է ներկայացրել «Գնումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Առաջարկներն իրավական տեխնիկային են վերաբերել և ընդունվել են:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ռեզիդենտության տեղեկանքների տրամադրման գործընթացին: Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի դեկտեմբերի 1-ից:

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում լրացումներ է առաջարկել: Առաջին ընթերցումից հետո գործադիրը տեխնիկական բնույթի փոփոխություններ է ներկայացրել. 6 առաջարկից 5-ն ընդունվել է:

Պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Արուսյակ Մանավազյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած «էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները եւս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: Կառավարությունը երկու տեխնիկական առաջարկ է ներկայացրել, որոնք ընդունվել են: Ընդունելի է եղել նաև Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության առաջարկը: Նախագծից հանվել է նաև 5-րդ հոդվածը:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եւս ներկայացվել են միայն խմբագրական բնույթի փոփոխություններ:

««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակը, ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի, գույքի կառավարման արդյունավետ, թափանցիկ և հաշվետվողական համակարգի ձևավորումն է: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկությամբ նախագծերի փաթեթում կատարվել են որոշակի փոփոխություններ: Հաշվի առնելով համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև աշխատանքների ծավալը՝ առաջարկվել է երկարաձգել աշխատանքների իրականացման ժամկետները:

Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով