Գյումրի համայնքին պատկանող գույքը հարկադրանքի այլ եղանակով շորթում կատարելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1 Min Read

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի  կողմից հարկադրանքի այլ եղանակով շորթում կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ղ.-ն, օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով, մոտեցել է բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդին՝ պահանջելով մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխել իրեն ու իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի և վարորդի գործողությունները հսկելու նպատակով ընկերոջը հանձնարարել է նստել բեռնատարը և ուղղորդել:

Բեռնատարի վարորդը վախի ազդեցության տակ բացասական հետևանքներից խուսափելու նպատակով կատարել է ներկայացված պահանջը և համայնքապատկան բեռնատարով դրանում բեռնված գույքը տեղափոխել է հանգստյան գոտի, բեռնաթափել ու հեռացել:

Վերոգրյալ գործողությունների արդյունքում Ս. Ղ.-ն իրենն է դարձել գույքը՝ Գյումրի համայնքին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (հարկադրանքի այլ եղանակով կատարված շորթումը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով