«Յոթի խմբի» (G7) ֆինանսների նախարարները մտադիր են հոկտեմբերի 15-ին քննարկել Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցները և Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարող մարմինների աշնանային հանդիպման շրջանակներում, որը տեղի է ունենում այս շաբաթ Վաշինգտոնում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը ցանկանում է, որ G7-ը և ԵՄ-ն համատեղ աշխատեն՝ Ռուսաստանի էներգետիկ եկամուտները կրճատելու և օտարերկրյա ակտիվներին նրա հասանելիությունը սահմանափակելու համար։
Հոկտեմբերի 15-ին նախարարները, ինչպես սպասվում է, կքննարկեն Եվրահանձնաժողովի (ԵՀ) ծրագրերը՝ Ուկրաինային ռուսական միջոցներով 140 միլիարդ եվրոյի «վերականգնողական վարկ» տրամադրելու վերաբերյալ։
Սեպտեմբերի 10-ին ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ իր գործակալությունը չի բռնագրավի Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները, այլ փոխարենը դրանք կօգտագործի Կիևին վարկեր տրամադրելու համար։ Եվրոպայում Ռուսաստանի սառեցված ակտիվների մեծ մասը՝ մի փոքր ավելի քան 200 միլիարդ եվրո, արգելափակված է Բելգիայում գտնվող Euroclear-ի հարթակում։
Դեպոզիտարիան բազմիցս դեմ է եղել դրանց բռնագրավմանը՝ զգուշացնելով, որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից աշխարհի այլ վայրերում եվրոպական կամ բելգիական ակտիվների բռնագրավմանը՝ դատական գործողությունների միջոցով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում