ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Ա. Հ.-ն (ՀՀ ՊԵԿ նախագահի 14.10.2022թ. հրամանով ազատվել է մաքսային ծառայության պաշտոնից) օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի և Գ. Դ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք տալուն: Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Հ.-ն օժանդակել է կաշառքի դիմաց նշված անձանց կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի շուրջ 300 արկղ ծխախոտն առանց հայտարարագրման, դրանք 8 տոննա երեսպատման սալիկների քողի տակ մաքսային հսկողության շրջանցմամբ արտահանելու գործընթացին:
Հիշյալ ապրանքներն ապօրինի ճանապարհով արտահանելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար Ա. Հ.-ն ՊԵԿ մեկ այլ պաշտոնյայի փոխանցելու նպատակով վերը նշված անձանցից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 6.100.350 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 1.626.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստացել է 2022թ. հուլիսին: Ըստ պայմանավորվածության՝ առանց ակցիզային դրոշմանիշերի, մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտով բեռնված բեռնատարը 2022թ. օգոստոսի 14-ին պետք է հատեր ՀՀ մաքսային սահմանը, սակայն հանցավորների կամքից անկախ հանգամանքներով նշված տրանսպորտային միջոցը չի հատել այն: Հետագայում՝ 2022թ. օգոստոսի 30-ին, Բագրատաշենի մաքսակետում, հիշյալ բեռնատարը ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից ենթարկվել է զննման, որի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 199000 տուփ տարբեր տեսակի ծխախոտ:
2022 թվականի նոյեմբերի 8-ին Գ. Դ.-ին, Ս. Դ.-ին և Գ. Դ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշումներ են կայացվել հիշյալ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար նրանց դատարան ներկայացնելու նպատակով վերջիններիս ձերբակալելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում