ԱՄՆ ֆոնդային շուկաները անկում են ապրում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կբարձրացնի չինական ներմուծման մաքսատուրքերը և չեղարկեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը՝ Պեկինի կողմից հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողության խստացման պատճառով։
Dow Jones Industrial Average-ը կորցրեց մոտ 1%, Standard & Poor’s 500-ը՝ 1.4%, իսկ Nasdaq Composite-ը՝ 2%։ Բոլոր երեք ինդեքսներն էլ աճ էին գրանցում առևտրի սկզբում։
Եվրոպական ֆոնդային ինդեքսները նույնպես անկում ապրեցին Թրամփի հայտարարություններից հետո։ Նավթի գները նույնպես նպաստեցին անկմանը. Brent-ը նվազեց 3.7%-ով, իսկ WTI-ը՝ 4.2%-ով։
DXY ինդեքսը, որը հետևում է դոլարի փոխարժեքին վեց արժույթների նկատմամբ (եվրո, շվեյցարական ֆրանկ, իեն, կանադական դոլար, բրիտանական ֆունտ և շվեդական կրոն), նվազեց 0.5%-ով։
Binance-ի տվյալների համաձայն՝ Թրամփի կողմից Չինաստանի նկատմամբ 100% մաքսատուրքերի մասին հայտարարությունից հետո Bitcoin-ի գինը նվազեց մինչև մոտ 110,000 դոլար։
Ավելի վաղ՝ ուրբաթ հայտարարվեց, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 1-ից Չինաստանի նկատմամբ կսահմանի 100% սակագներ՝ ի լրումն ներկայումս գործողների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարեց իր Truth Social սոցիալական ցանցի էջում։
«Սկսած 2025 թվականի նոյեմբերի 1-ից (կամ ավելի շուտ՝ կախված Չինաստանի կողմից կատարված հետագա գործողություններից կամ փոփոխություններից), Ամերիկայի Միացյալ Նահանգները Չինաստանի նկատմամբ կսահմանի 100% սակագին՝ ի լրումն իրենց կողմից ներկայումս վճարվող ցանկացած սակագնի», — ասվում էր գրառման մեջ։
Ավելին, նոյեմբերի 1-ից սկսած՝ Միացյալ Նահանգները կսահմանի արտահանման վերահսկողություն բոլոր կարևոր ծրագրային ապահովման վրա։
Թրամփի խոսքով՝ սա պատասխան է Չինաստանի կողմից նոյեմբերի 1-ից սկսած «Չինաստանի կողմից արտադրված գրեթե բոլոր ապրանքների» վրա արտահանման լայնածավալ սահմանափակումների ներդրմանը։
«Սա աննախադեպ է միջազգային առևտրում և բարոյական նվաստացում է ներկայացնում այլ պետությունների հետ հարաբերություններում», — կարծում է ամերիկացի առաջնորդը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում