Կենտրոնական բանկի և Ասիական զարգացման բանկի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ասիական տարածաշրջանային ֆորումը

1 Min Read

Հոկտեմբերի 8-10-ը Կենտրոնական բանկը, համագործակցելով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ, Դիլիջանում հյուրընկալել է Միջազգային պահուստների ներդրումային կառավարման հարցերով Ասիական տարածաշրջանային ֆորումը։ 

Այս մասին Banksnews-ը տեղեկանում է Կենտրոնական բանկից։

Ֆորումը համախմբել է Ասիայի և դրա սահմաններից դուրս գտնվող կենտրոնական բանկերի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ միջազգային պահուստների կառավարման ոլորտում ընթացիկ միտումները, մարտահրավերներն ու լավագույն փորձը քննարկելու նպատակով։

Թեմատիկ ինտերակտիվ քննարկումների ընթացքում մասնակիցները փոխանակվել են իրենց գիտելիքներով և փորձով, ուսումնասիրել նոր ներդրումային մոտեցումները և համագործակցության հնարավորությունները։ Եռօրյա ծրագիրը ներառել է նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ գլոբալ մակրոֆինանսական զարգացումներն ու դրանց ազդեցությունը պահուստների պորտֆելների վրա, ռազմավարական ակտիվների բաշխումը և դիվերսիֆիկացիան, իրացվելիության և ռիսկերի կառավարումը, կայուն և պատասխանատու ներդրումային պրակտիկան, պահուստների կառավարման տեխնոլոգիական նորարարությունները, ինչպես նաև կենտրոնական բանկերի տարածաշրջանային փորձի ուսումնասիրությունը:

Միջազգային պահուստների ներդրումային կառավարման հարցերով Ասիական տարածաշրջանային ֆորումը կարևոր հարթակ է՝ կենտրոնական բանկերի և պահուստների կառավարմամբ զբաղվող կառույցների միջև կարողությունների զարգացման և քաղաքականության շուրջ երկխոսության համար։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով