Ամերիկա–ուկրաինական ներդրումային հիմնադրամը, որը ստեղծվել է Կիևի և Վաշինգտոնի միջև ստորագրված օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի շրջանակում, մինչև 2026 թվականի վերջը կհասնի շուրջ $200 միլիոնի, հայտարարել է Ուկրաինայի տնտեսության, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Սոբոլևը՝ պատասխանելով Վերին ռադայի պատգամավորների հարցերին։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 17-ին, Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտնել էր, որ ԱՄՆ-ն արդեն կատարել է հիմնադրամի առաջին ներդրումը՝ $75 միլիոն, իսկ Կիևը շուտով կավելացնի նույնքան։ Այդպիսով, հիմնադրամի սկզբնական կապիտալը կկազմի $150 միլիոն։ Ըստ Սվիրիդենկոյի՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է իրականացնել երեք խոշոր նախագիծ։
ԱՄՆ–Ուկրաինա համաձայնագիրը օգտակար հանածոների ոլորտում ստորագրվել է ապրիլի 30-ին։ Սակայն Ուկրաինայի մի շարք լրատվամիջոցներ և պատգամավորներ քննադատել են համաձայնագրի պայմանները՝ պնդելով, որ այն սահմանափակում է Կիևի տնտեսական ինքնիշխանությունը և չի ներառում անվտանգության որևէ երաշխիք, որոնց մասին խոսել էր Վլադիմիր Զելենսկու գրասենյակը։
Բացի այդ, պատգամավորները դժգոհել են, որ Վերին ռադային չեն ներկայացվել այն երկու հավելյալ փաստաթղթերը, որոնք հիշատակվում են հիմնական համաձայնագրում։ Այնուամենայնիվ, մայիսի 8-ին Վերին ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը։
Ըստ փաստաթղթի՝ Կիևը պարտավորվում է նոր ներդրումային հիմնադրամում ներդնել նոր հանքավայրերից և նոր լիցենզիաներից ստացվող եկամուտների 50 տոկոսը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում