2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին, 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 0,5 % աճ արձանագրած գյուղատնտեսությունը, ընդհանուր առմամբ, պարտական է բուսաբուծության ոլորտին։ Առկա վիճակագրության համաձայն՝ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին, 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, բուսաբուծության ոլորտում ձևավորված համախառն արտադրանքի ծավալներն աճել են 1,8 %-ով՝ կազմելով 390,045 մլն դրամ։ Այս պատկերը, անշուշտ, զարմանալի չէ, քանի որ գարնան երկրորդ կեսից սկսած` արդեն շուկայում հայտնվում է բերքը։
Բուսաբուծության ոլորտի արդյունքները դիտարկելիս չենք կարող չանդրադառնալ գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի համախառն բերքի ծավալներին․
Գծապատկեր 1․ Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի համախառն բերքի ծավալները 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին
Վիճակագրական տվյալների համաձայն՝ բանջարեղենի բերքի ծավալները կազմել են 477․1 հազար տոննա։ Նկատենք, որ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին, 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, բանջարեղենի բերքի ծավալները նվազել են 4,3 %-ով։ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին, 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, բանջարեղենի բերքի առավելագույն աճեր՝ 29 % և 28 %-ով դիտվել են համապատասխանաբար Լոռու և Վայոց Ձորի մարզերում։ Ամենախորը անկումը՝ 65,7 %, դիտվել է Արագածոտնի մարզում։ Հացահատիկի և հատիկաընդեղենի բերքի ծավալները կազմել են 237․1 հազար տոննա։ Նկատենք, որ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին, 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հացահատիկի և հատիկաընդեղենի բերքի ծավալներն աճել են մոտ 60 %-ով։
Բերքի առավելագույն աճ՝ 2,6 և 2,4 անգամ, ապահովվել են համապատասխանաբար Արագածոտնի և Շիրակի մարզերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում