Զգալի անկումներ` արտահանման և ներմուծման ծավալներում. Օգոստոսը`թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

2025թ․ օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏268,813 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏81,551 մլն:

Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները սոցիալ-տնտեսական առանցքային ցուցանիշների վերաբերյալ. 

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2025թ․ օգոստոսին  առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏589,560 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏359,120 մլն արդյունքները:

2025թ․ օգոստոսին ՀՀ-ում արտադրվել է 951 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի օգոստոսին կազմել է ֏294,983: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $586մլն և $933մլն:

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2025թ․ օգոստոսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2024թ․օգոստոսին և 2025թ․ հուլիսին արձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025թ․ օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ կազմել է 7․5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5․4%։

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները 2025թ․ օգոստոսին 2024թ․ նույն ամսվա համեմատ աճել են շուրջ 5․8%-ով, իսկ 2025թ․ հուլիսի  համեմատ` 10․7%-ով:

Շինարարության ծավալները 2024թ օգոստոսի համեմատ աճել են շուրջ 21%-ով, իսկ 2025թ․ հուլիսի համեմատ՝ շուրջ 19%-ով։

Առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 1․7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1․2%։

2025թ-ի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 6․7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3․8%։

Գնաճը կազմել է 3․6%, իսկ հուլիսի  համեմատ՝ 0․2%։
2025թ․ օգոստոսին 2024թ․ օգոստոսի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  4․4%-ով, իսկ 2025թ․ հուլիսի համեմատ` նվազել 3․2%-ով։

Արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ նվազել են համապատասխանաբար 40․8%-ով և 28․3%-ով։ 2025թ․ օգոստոսին նախորդ ամսվա համեմատ նույնպես արտահանման ծավալները կրճատվել են 16․5%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 12․1%-ով ։

  • Ամփոփելով վերոգրյալ արդյունքները` նշենք, որ բավականին ցածր ցուցանիշ է արձանագրվել առևտրաշրջանառության մասով, ինչպես նաև զգալի անկումներ կան արտահանման և ներմուծման ծավալներում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով