ՌԴ-ում հայտնաբերվել է խարդախության նոր ձև․ հանցագործները զանգահարում են քաղաքացիներին՝ ներկայացնելով իրենց որպես մարկեթփլեյսների աշխատակիցներ և խաբեությամբ ստանում մուտքի տվյալներ։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, խարդախները զանգում են և ասում, թե իբր անձին մարկեթփլեյսից ուղարկվել է փաթեթ։ Այնուհետև նրանք հետաքրքրվում են, թե ինչ ձևով հարմար կլինի ստանալ այն։ Երբ մարդն ասում է, որ ոչինչ չի պատվիրել, խարդախը առաջարկում է «ստուգել» տվյալը՝ խնդրելով նշել SMS-ով ստացված կոդը։
Սակայն հենց այդ կոդն է, որը թույլ է տալիս հանցագործին մուտք գործել զոհի մարկեթփլեյսի հաշիվ և ստանալ հասանելիություն նրա բանկային տվյալներին։
Սեպտեմբերին Ռուսաստանի Կենտրոնական բանկը ևս զգուշացրել էր նմանատիպ խարդախությունների մասին․ այժմ նրանք ներկայանում են որպես մարկեթփլեյսների սուրհանդակներ և, իբր՝ առաքման ամսաթիվը կամ վայրը հաստատելու համար, խնդրում են հայտնել SMS-ից կամ push ծանուցումից ստացված կոդը։ Իրականում դա բանկի միանվագ գաղտնաբառ է, որը հնարավորություն է տալիս գողանալ գումարը հաշվից։
Կենտրոնական բանկը խորհուրդ է տվել նման զանգերի դեպքում անմիջապես ընդհատել խոսակցությունը և հիշեցնել, որ SMS կոդերը ոչ մի դեպքում չի կարելի փոխանցել երրորդ անձանց, քանի որ մարկեթփլեյսների իրական աշխատակիցները երբեք նման տվյալներ չեն պահանջում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում