Մոսկվայի Տագանսկի դատարանը երեք օտարերկրյա ընկերությունների՝ Microsoft-ի, Telegram-ի և Apple-ի, նկատմամբ վարչական տուգանքներ է կիրառել։ Առաջին երկուսը տուգանվել են 3,5 մլն ռուբլի, իսկ Apple-ը՝ 7 մլն ռուբլի։
Դատարանը բոլոր դեպքերում ճանաչել է ընկերություններին մեղավոր՝ Ռուսաստանի օրենսդրությամբ արգելված տեղեկատվությունը իրենց հարթակներից չհեռացնելու համար, ինչը նախատեսված է Վարչական իրավախախտումների օրենսգրքի 13.41 հոդվածի 2-րդ մասով։ Այս հոդվածով նախատեսված է առավելագույնը 4 մլն ռուբլի տուգանք իրավաբանական անձանց համար։
Այսպիսով, Microsoft-ն ու Telegram-ը ստացան տուգանքներ յուրաքանչյուրը՝ 3,5 մլն ռուբլու չափով, իսկ Apple-ի դեպքում դատարանը արձանագրել է ոչ թե մեկ, այլ երկու իրավախախտում՝ սահմանելով յուրաքանչյուրը 3,5 մլն ռուբլի տուգանք, ընդհանուր՝ 7 մլն ռուբլի։
Դատարանը չի պարզաբանել, թե որ կոնկրետ տեղեկատվությունն էին պարտավոր ջնջել ընկերությունները։ Նշենք, որ բոլոր երեք ընկերություններն էլ նախկինում ևս ենթարկվել են նմանատիպ տուգանքների․ Microsoft-ը՝ անցած տարվա հոկտեմբերին, Telegram-ը՝ այս տարվա օգոստոսին երկու անգամ նույն օրը՝ ընդհանուր 7 մլն ռուբլու, իսկ Apple-ը՝ վերջին անգամ այս տարվա սեպտեմբերի սկզբին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում