ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Խոսե քաղաքի դաշնային դատարանի դատավոր Էդվարդ Դավիլան մերժել է Apple-ի, Google-ի և Meta Platforms-ի միջնորդությունները՝ հրաժարվելու մի շարք հայցերից։ Հայցերի հեղինակները տեխնոլոգիական հսկաներին մեղադրում են ապօրինի ազարտային խաղերի գովազդման մեջ, ինչպես նաև՝ նմանատիպ կազինո-ծրագրերից օգտվողների կատարած գործարքներից միջնորդավճարներ ստանալու համար։
Դատավորի որոշմամբ մերժվել է հիմնական պաշտպանական փաստարկը, ըստ որի՝ գործող օրենսդրությամբ առցանց հարթակները ազատվում են երրորդ անձանց կողմից հրապարակված բովանդակության պատասխանատվությունից։ Սակայն դատարանը նաև մերժել է որոշ պահանջներ, որոնք առնչվում էին առանձին նահանգների օրենսդրությանը, բայց չի բավարարել գործերի ամբողջական դադարեցման միջնորդությունները։
Հայցվորները պնդում են, որ App Store-ի, Play Store-ի և Facebook-ի միջոցով Apple-ը, Google-ը և Meta-ն նպաստել են «Վեգասի ոճի իրական խաղային փորձի» ստեղծմանը՝ անօրինական համաձայնության միջոցով։ Նրանց տվյալներով՝ ընկերությունները ավելի քան $2 միլիարդ եկամուտ են ստացել՝ նման ծրագրերից օգտվողների գործարքներից 30% միջնորդավճար գանձելով։ Հայցվորները նաև ընդգծում են, որ կազինո-խաղերի կիրառումը կարող է հանգեցնել դեպրեսիայի, ինքնասպանության մտքերի և այլ վտանգավոր հետևանքների։
Դատավորը եզրակացրել է, որ ընկերությունները չեն գործել որպես «հրատարակիչներ» վճարումները մշակելիս, ինչի պատճառով էլ նրանց պահանջը՝ ազատվել պատասխանատվությունից, չի ընդունվել։ Նշվել է նաև, որ «նեյտրալ գործիքների» տրամադրումը նման հավելվածների համար չի կարող արդարացում լինել։ Ընկերությունները դեռ հնարավորություն ունեն բողոքարկել այս որոշումը։