ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ 2022 Թ․-Ի ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

ՀՀ տնտեսությունը շարունակում է տարօրինակ աճեր արձանագրել աշխարհաքաղաքական սուր լարվածության պայմաններում։ Մեր տնտեսությունը ոչ միայն անմիջականորեն կրում է ՀՀ տնտեսության առանցքային հովանավորի՝ ՌԴ-ի տնտեսության բարդ դրության, այլ նաև սահմանային ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակի հետևանքներն ամբողջությամբ։

Այդուհանդերձ, հայկական տնտեսությունը ցուցաբերում է աճերի վարքագիծ, որն արտահայտվում է նախ և առաջ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների մասով արձանագրված արդյունքներով․

Գծապատկեր 1. ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշների մակարդակը 2022 թ․-ի սեպտեմբերին

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2022 թ․-ի սեպտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 235,827 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 57,121 մլն դրամ: 2022 թ․-ի սեպտեմբերին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է 411,877 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 237,049 մլն դրամ արդյունքները: 2022 թ․-ի սեպտեմբերին ՀՀ-ում արտադրվել է 657 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի սեպտեմբերին կազմել է 236,742 դրամ։

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումը ըմբռնել, եթե դրանց 2022 թ․-ի սեպտեմբերին արձանագրած արդյունքները համեմատության մեջ դրվեն 2021 թ․-ի սեպտեմբերի և 2022 թ․-ի օգոստոսին արձանագրված մակարդակների հետ․

Գծապատկեր 2. ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությունը 2022 թ․-ի սեպտեմբերին նախորդ ամսվա և 2021թ -ի սեպտեմբերի համեմատ

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022 թ․-ի սեպտեմբերին 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ի աճը կազմել է 14,6 %, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 8,9 %։Բոլոր ցուցանիշների մասով արձանագրվել են աճեր։ Ամենամեծ աճը դիտվել է արտահանման ծավալների մասով։ Վերջինս 2022 թ․-ի սեպտեմբերին 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ աճել է 2,5 անգամ, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2,9 %-ով։ Ներմուծման ծավալները 2022 թ․-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են մոտ 82 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ ներմուծման ծավալներում փոփոխություն չի նկատվել։ Արդյունաբերության ծավալների աճը 2022 թ․-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 14,8 %, իսկ նախորդ ամսվա համեմատ դիտվել է անկում 1,7 %-ով։ 2022 թ․-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծառայությունների ծավալները աճել են մոտ 26 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4,7 %-ով։ Գների աճը կազմել է 9,9 %։

Կիսվեք այս հոդվածով