ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանի ռազմաարդյունաբերական համալիրի միջազգային մատակարարման շղթաներում ներգրավված 21 ընկերությունների և 17 անձանց նկատմամբ, հայտարարել է գերատեսչությունը։
Տեղեկատվության համաձայն՝ սահմանափակումները վերաբերել են Իրանի, Չինաստանի, Հոնկոնգի, Գերմանիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի և Ուրուգվայի կազմակերպություններին և միջնորդներին, որոնք ներգրավված են բալիստիկ հրթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, ուղղաթիռների և ռազմական ինքնաթիռների արտադրության համար տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարման մեջ։
Վաշինգտոնը շեշտում է, որ այս ցանցերի գործունեությունը «նպաստում է Իրանի ռազմական հզորացմանը և սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ զինվորական անձնակազմի, նավերի և քաղաքացիական անձանց համար»։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկված ընկերությունների և անհատների բոլոր ակտիվները ենթակա են արգելափակման ԱՄՆ-ում, և նրանց հետ ցանկացած գործարք արգելված է։
Այս սահմանափակումների խախտումը կարող է հանգեցնել քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության, այդ թվում՝ օտարերկրյա ֆինանսական հաստատությունների նկատմամբ երկրորդական պատժամիջոցների կիրառման, նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում