Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի առաջարկը՝ Ուկրաինային տրամադրել մոտ 140 միլիարդ եվրոյի անտոկոս վարկ՝ օգտագործելով ԵՄ-ում սառեցված ռուսական սուվերեն ակտիվները, հաղորդում է The Guardian-ը։
«Երբ ակտիվները սառեցվում են, պետք է հարգվի միջազգային իրավունքը», — լրագրողներին ասել է Ֆրանսիայի առաջնորդը Կոպենհագենում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։
Սեպտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը չի պլանավորում բռնագրավել Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները, այլ մտադիր է դրանք օգտագործել Ուկրաինային վարկեր տրամադրելու համար։
Եվրոպայում սառեցված ավելի քան 200 միլիարդ եվրոյի ռուսական սուվերեն ակտիվների մեծ մասը պահվում է Բելգիայի Euroclear պահոցում։ Euroclear-ն ինքը բազմիցս դեմ է եղել դրանց բռնագրավմանը՝ զգուշացնելով, որ նման գործողությունները կարող են հանգեցնել Ռուսաստանի կողմից դատական հայցի՝ պահանջելով արտասահմանում գտնվող եվրոպական կամ բելգիական ակտիվների բռնագրավում։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բրիտանական Financial Times-ի համար հոդվածում նշել է, որ Բեռլինը աջակցում է Ուկրաինային վարկ տրամադրելու գաղափարին՝ օգտագործելով ռուսական ակտիվները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում