Շրջանառության մեջ է դրվում նոր ոսկե հուշադրամ.ԿԲ

3 Min Read

2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150ամյակ» ոսկե հուշադրամը:

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ (18751957 թթ.)՝ հայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.):

Ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլում, ուսումը շարունակել Հառիճի  վանքի դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

18931895 թթ. ուսանել է Գերմանիայում Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժնում:

1897 թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` «Երգեր ու վերքեր» խորագրով:

1909 թ. գրել է հռչակավոր «Աբու-Լալա Մահարի» պոեմը, որի գլխավոր հերոսը ինքը` բանաստեղծն է՝ համամարդկային ցավի ու տառապանքի, անհատի ողբերգության կրողը:

Գրական գործունեությանը զուգահեռ Իսահակյանը զբաղվել է նաև ազգային-քաղաքական գործունեությամբ, որի համար բազմիցս հետապնդվել է: Շուրջ 20 տարի հարկադրաբար ապրել և ստեղծագործել է հայրենիքից հեռու՝ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում:

1936 թ. Իսահակյանը վերադարձել է հայրենիք: Նրա կյանքի վերջին տարիներն անցել են համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ. նրան տրվել է «Վարպետ» պատվանունը:

1946-1957 թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:

Ավետիք Իսահակյանը բազմաժանր գրող է․ գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, առակներ, Հայկական հարցին վերաբերող հրապարակախոսական հոդվածներ, հուշեր ու նամակներ:

Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, դրանց հիման վրա գրվել են երգեր, սիմֆոնիաներ, այլ երաժշտական գործեր:

Հայաստանում մի շարք փողոցներ, դպրոցներ, գրադարաններ անվանակոչվել են Իսահակյանի անունով։ Երևան և Գյումրի քաղաքներում գործում են Իսահակյանի տուն-թանգարանները, նրա հիշատակը հավերժացնում են այնտեղ գտնվող հուշարձանները: Ի պատիվ բանաստեղծի՝ Հայաստանի գրողների միությունը սահմանել է «Ավետիք Իսահակյան» գրական մրցանակը:

Դիմերես՝ Արագած լեռը, Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատող:

Դարձերես՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներ՝ Կարապետ Աբրահամյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 Տեխնիկական չափանիշները

 Անվանական արժեքը         10 000 դրամ

Մետաղը/հարգը                ոսկի 9000

Քաշը                               8,6 գ

Տրամագիծը                      22,0 մմ

Որակը                             պրուֆ

Դրամաշուրթը                   ատամնավոր

Թողարկման քանակը         300 հատ

Թողարկման տարեթիվը     2025

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար:

«Դրամագետ» վաճառասրահում ներկայացված դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://old.cba.am/Storage/AM/downloads/arjuyt/Dramaget_arm.pdf

 

 

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով