2024 թվականին Ռուսաստանը պահպանել է իր կարգավիճակը՝ որպես ԱՄՆ միջուկային ռեակտորի վառելիքի խոշորագույն մատակարար, նույնիսկ այն բանից հետո, երբ մայիսին ուժի մեջ է մտել այդ երկրից հարստացված ուրանի ներմուծումն արգելող օրենք, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալներին։
Էներգետիկայի տեղեկատվության վարչության տվյալներով՝ ռուսական վառելիքը կազմել է ամերիկյան առևտրային ռեակտորներում օգտագործվող հարստացված ուրանի 20 տոկոսը։
Մատակարարումները շարունակվել են՝ չնայած 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ռուսական վառելիքի ներմուծման վրա օրենսդրական արգելքին։ 2024 թվականի օգոստոսին ուժի մեջ մտած արգելքը թույլ է տալիս Էներգետիկայի նախարարությանը ժամանակավոր արտոնություններ տրամադրել մինչև 2028 թվականը՝ այլընտրանքային մատակարարման աղբյուրների բացակայության կամ եթե ներմուծումը համարվում է ազգային շահերի հարց։ Նման արտոնություններ արդեն ստացած ընկերությունների թվում են Constellation Energy-ն և Centrus Energy-ն։
Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ երկիրը դեռևս պատրաստ չէ լիովին հրաժարվել ռուսական ուրանից՝ ռուսական մատակարարումներից բարձր կախվածության պատճառով։ Bloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանը ներկայումս մատակարարում է ԱՄՆ 94 միջուկային ռեակտորների համար անհրաժեշտ հարստացված ուրանի մոտ մեկ քառորդը, որոնք արտադրում են ԱՄՆ էլեկտրաէներգիայի մոտավորապես մեկ հինգերորդը: Այս մատակարարումների արագ դադարեցումը, ըստ գնահատականների, կսպառնա երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտավորապես 5%-ին։
Այս տվյալները հրապարակվել են Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Եվրոպային և այլ երկրներին ուղղված կոչերի ֆոնին՝ նվազեցնելու ռուսական նավթից և գազից իրենց կախվածությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում