Ստարտափների վաղ փուլում ներդրումներ իրականացնող Triple S Ventures վենչուրային ֆոնդը նշում է իր հիմնադրման երրորդ տարեդարձը։ Երեք տարվա ընթացքում ֆոնդը հասցրել է ներդրումներ կատարել 19 նորարարական ստարտափներում, որոնք գործում են արհեստական բանականությունից մինչև կենսատեխնոլոգիաներ, առողջապահական տեխնոլոգիաներից մինչև SaaS-ի և ստեղծարար տնտեսության ոլորտներում։
Triple S Ventures-ի ներդրումները հատում են Հայաստանի սահմանները՝ հասնելով Միացյալ Նահանգներ, Եվրոպա՝ վկայելով հիմնադրամի գլոբալ մոտեցումն ու տարբեր շուկաներում ակտիվ ներկայությունը։ Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է միլիոնավոր դոլարների ֆինանսավորում, իսկ իր պորտֆելային ընկերությունները արդեն ներգրավել են տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ՝ ապահովելով միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորություններ։ Ընկերությունն ունի համատեղ ներդրումներ Alumni Ventures, Y Combinator, Nyca, Point Nine Capital, Decacorn և Cambridge Enterprise նման առաջատար վենչուրային ֆոնդերի հետ։ Ընկերության պորտֆելում ընդգրկված ստարտափները միջազգային ճանաչում են ստացել մրցանակների, դրամաշնորհների և հեղինակավոր ծրագրերի մասնակցության միջոցով։
«Այս երեք տարիներին մենք տեսել ենք, թե ինչպես են հավակնոտ գաղափարները՝ համառության և ճիշտ աջակցության շնորհիվ, վերածվում ոչ միայն ոլորտները փոխող ընկերությունների, այլև իրական ազդեցություն ունեցող նախաձեռնությունների։ Սա միայն սկիզբն է և մենք ավելի քան երբևէ հանձնառու ենք աջակցել այն հիմնադիրներին, ովքեր համարձակվում են փոխել աշխարհը», — նշել է Triple S Ventures-ի հիմնադիր գործընկեր Ավագ Սիմոնյանը։
Triple S Ventures-ը գործում է աշխարհագրական սահմանափակումներից դուրս և ներդրումներ է կատարում մինչև 250 հազար դոլարի չափով։ Կապիտալից զատ, ընկերությունը ստարտափներին տրամադրում է ռազմավարական խորհրդատվություն, գործառնական փորձառություն և հասանելիություն է տալիս միջազգային ձեռներեցների, ներդրողների ու մասնագետների ցանց։
Երրորդ տարեդարձը նշելով՝ ընկերությունը նպատակ ունի ընդլայնել իր գլոբալ ներկայությունը և խորացնել ներգրավվածությունը առաջնային տեխնոլոգիաներում՝ արհեստական բանականություն, կայուն կենսատեխնոլոգիաներ և նոր սերնդի ֆինանսական լուծումներ։ Հաջորդ տարիների համար Triple S Ventures-ի առաջնային ուղղությունը լինելու է ոչ միայն կապիտալի տրամադրումը, այլև սահմաններից դուրս կամուրջներ կառուցելը ձեռներեցների, ներդրողների և շուկաների միջև՝ ապահովելով, որ հավակնոտ գաղափարները հասնեն մասշտաբային և կայուն ազդեցության։
***
Արթուր Ջանիբեկյանի, Հակոբ Հակոբյանի և Ավագ Սիմոնյանի կողմից ստեղծված Triple S Ventures-ը վենչուրային կապիտալի վաղ փուլում ներդրումներ իրականացնող հիմնադրամ է, որը ներդրումներ է կատարում նախնական և սիդ փուլում գտնվող ստարտափներում՝ ոլորտային սահմանափակումներից դուրս։ Triple S Ventures-ի առաքելությունն է աջակցել ձեռներեցներին, ովքեր ստեղծում են նոր ու խոշոր փոփոխություններ բերող տեխնոլոգիաներ։ Ընկերությունը տրամադրում է ներդրումներ, փորձառություն և միջազգային կապեր, որպեսզի ստարտափները կարողանան աճել ու հաջողության հասնել։ Ընկերության պորտֆելում են Ritual Dental, OmniShift, Nephesh, Docus, Sleep Doctor, Denovo Sciences, Modicus Prime, Sparxell, CloudChipr, BlueQubit, Tactun, My Town AI, Octopulse AI, Optimyzee, Areg AI, Simcare AI, Thera B Medical, Waveye, StarsHunt ստարտափները։