ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարե է «Checkmate» անվանումով միջազգային համատեղ գործողության մասին, որի ընթացքում կիբերհանցագործ BlackSuit (նախկին Royal) խմբից առգրավվել են չորս սերվեր և շուրջ 1 միլիոն դոլար բիթքոյն։ Գործողությունը իրականացվել է 2025թ․ հուլիսի 24-ին․ միաժամանակ արգելափակվել է խմբին պատկանող ինը դոմեն։
Հայտնի է, որ կրիպտոարժույթը առգրավվել է դեռ նախորդ տարվա հունվարին սառեցված հաշիվից։ Կազմակերպությունը, ըստ աղբյուրների, բաղկացած է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի մի քանի երկրների քաղաքացիներից ու ուշադրություն էր գրավել Տեխասի Դալաս քաղաքի IT ենթակառուցվածքների վրա հարձակմամբ, որը կաթվածահար էր արել արտակարգ ծառայությունների, ոստիկանության և դատարանների աշխատանքը։
Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականից BlackSuit-ը կոտրել է ավելի քան 450 զոհերի համակարգեր ԱՄՆ-ում՝ ներառյալ առողջապահության, կրթության, էներգետիկայի և պետական կառույցներ։ Ընդհանուր պահանջված փրկագինը գերազանցել է 500 մլն դոլարը, իսկ փաստացի ստացված գումարը գնահատվում է մոտ 370 մլն դոլար։ Առանձին դեպքերում վճարված ամենամեծ փրկագինը կազմել է 60 մլն դոլար։
BlackSuit-ը պատասխանատվություն է վերցրել նաև ԱՄՆ-ի տասնյակ դպրոցների, հայտնի ընկերությունների և տեղական իշխանությունների, այդ թվում՝ ճապոնական Kadokawa մեդիահոլդինգի և Ֆլորիդայի Տամպա քաղաքի կենդանաբանական այգու վրա հարձակումների համար։
Խումբը կիրառում էր «կրկնակի շորթման» մեթոդ՝ զոհերի համակարգերի կոդավորում և գողացված տվյալների արտահոսքի սպառնալիք, եթե փրկագին չվճարվեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում