Ինչպես են քաղաքացիները գնահատել Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքը

2 Min Read

Երևանի քաղաքապետարանի՝ սեպտեմբերի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակով տարեսկզբից մինչև սեպտեմբերի 26-ը ստացվել է 19075 հայտ, որից ավարտված կարգավիճակում են 18200-ը: 8062 քաղաքացի գնահատել է իր բարձրաձայնած խնդրի լուծումը 5 բալանոց սանդղակով: Այդ գնահատականները ստացվել են ի պատասխան քաղաքացիներին ուղղված այն հարցի, թե ինչքանով է արդյունավետ լուծվել իրենց խնդիրը:

Ըստ այդմ՝ Երևանի վարչական շրջանների գնահատականը 5 բալանոց սանդղակով միջինում 3 է, միայն Ավան վարչական շրջանի գնահատականն է 2,9 բալ, իսկ Նուբարաշեն վարչական շրջանինը՝ 2:

Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներից ամենաբարձրն է գնահատվել առևտրի ծառայությունների և գովազդի վարչությունը՝ 4,1 բալ, իսկ ամենացածր գնահատականը ստացել է հասարակական կարգի պահպանության ծառայության վարչությունը՝ 1,6 բալ:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ստացել է 2,8 բալ, «Երևանտրանս» ՓԲԸ-ն՝ 3,5, «Երքաղլույսը»՝ 4,4, ԵԱՍՄ-ն՝ 4,1, «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը՝ 4,8, «Երևանի մետրոպոլիտենը»՝ 3,8, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը՝ 3,7, «Երևանի էլեկտրատրանսպորտը»՝ 4,6, «Վեոլիա ջուրը»՝ 2,9, «ԹելՍելը»՝ 3,5:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ այս կերպ քաղաքացիները 5 բալանոց սանդղակով գնահատել են Երևանի քաղաքապետարանի աշխատանքը:

«Մենք պարտավոր ենք խնդիրները լուծել, և այս գնահատականները ցույց են տալիս, թե որքան լավ ենք կարողանում լուծել մեր քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները, և որքան բավարարված են նրանք մնում մեր աշխատանքից»,- ասաց նա՝ նշելով, որ այս գնահատականներով է պայմանավորված լինելու աշխատանքի կատարողականը, բայցև հետևություններ են արվելու։

«Մենք հետևություններ ենք անելու՝ պարզելու, թե որ վարչական շրջանը, որ ստորաբաժանումն ինչպես է շփվում քաղաքացիների հետ և ինչպես է լուծում բարձրաձայնված խնդիրները։ Ըստ այդմ՝ մենք մեր մեր եզրակացություններին ենք գալու։

Ըստ այդմ՝ խնդրում եմ՝ ակտիվ եղեք «Ակտիվ քաղաքացի» հավելվածում, և ամեն մեկդ ձեր գնահատականի պատասխանատուն լինեք, քանի որ մտահոգիչ թվեր նույնպես հնչեցին»,- ասաց քաղաքապետը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով