Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է Ուկրաինային տրամադրել այսպես կոչված 140 միլիարդ եվրոյի «փոխհատուցման վարկ», որը կֆինանսավորվի Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվներից: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ներքին փաստաթղթին:
Հրապարակման համաձայն՝ Եվրահանձնաժողովն արդեն տեղեկացրել է ԵՄ երկրներին իր առաջարկի մասին: Հարցը նախատեսվում է քննարկել ուրբաթ օրը ԵՄ դեսպանների հանդիպմանը և հաջորդ շաբաթ Կոպենհագենում կայանալիք եվրոպական առաջնորդների գագաթնաժողովում:
Politico-ն պարզաբանում է, որ միջոցները պետք է հատկացվեն փուլերով, այդ թվում՝ ռազմական համագործակցության և Ուկրաինայի բյուջեի աջակցության համար:
Սեպտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Բրյուսելը չի պլանավորում բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները, բայց մտադիր է դրանք օգտագործել որպես հիմք Ուկրաինային վարկ տրամադրելու համար:
Այս ակտիվների մեծ մասը՝ ավելի քան 200 միլիարդ եվրո, արգելափակված է բելգիական Euroclear պահոցում: Ընկերությունը բազմիցս արտահայտվել է դրանց բռնագրավման դեմ՝ զգուշացնելով Ռուսաստանի կողմից հնարավոր պատասխան միջոցառումների մասին, այդ թվում՝ դատական հայցերի և արտերկրում եվրոպական կամ բելգիական ակտիվների բռնագրավման մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում