Եթե Tether-ը կարողանա ներգրավել 15–20 միլիարդ դոլարի ներդրումներ՝ ընկերությունը գնահատվելով մոտ 500 միլիարդ դոլար, նրա համասեփականատերերի կարողությունը կհասնի աշխարհի խոշորագույն միլիարդատերերի մակարդակին, գրում է Bloomberg-ը։
Ընկերության խորհրդի նախագահ Ջանկարլո Դևազինին այդ դեպքում կկուտակի շուրջ 224 միլիարդ դոլար և կհայտնվի աշխարհի ամենահարուստների ցանկի հինգերորդ տեղում՝ առաջ անցնելով Ուորեն Բաֆեթից և անմիջապես հետևելով Իլոն Մասկին, Լարրի Էլիսոնին, Մարկ Ցուկերբերգին ու Ջեֆ Բեզոսին։
Tether-ի ղեկավար Պաոլո Արդոինոյի և նրա նախորդ Ժան-Լուի վան դեր Վելդեի կարողությունը կարող է հասնել յուրաքանչյուրինը մոտ 95 միլիարդ դոլարի, իսկ չորրորդ համասեփականատեր Սթյուարտ Հեգների կարողությունը՝ ավելի քան 60 միլիարդի։ Այս ցուցանիշներով նրանք կանցնեն Binance-ի հիմնադիր Չանպեն Չժաոյին, որի կարողությունը Bloomberg-ը գնահատում է 52 միլիարդ դոլար։
Bloomberg-ը նշում է, որ նման արդյունքը նախադեպ չունի թույլ կարգավորվող կրիպտո ոլորտի ընկերության համար։ Գործարքը դեռ վաղ փուլում է, և պայմանները կարող են փոխվել։
Tether-ը թողարկում է աշխարհի խոշորագույն ստեյբլքոյնը՝ USDT-ն, որի շուկայական կապիտալիզացիան մոտ 173 միլիարդ դոլար է։ Ընկերությունը եկամուտ է ստանում USDT-ի պահուստները կարճաժամկետ ակտիվներում, հիմնականում՝ ԱՄՆ պետական պարտատոմսերում, տեղաբաշխելու միջոցով։ 2025 թ. երկրորդ եռամսյակում Tether-ի շահույթը կազմել է 4,9 միլիարդ դոլար, իսկ տարվա առաջին կեսին բաժնետերերին վճարվել է 7,4 միլիարդ դոլար դիվիդենդ։
Դևազինին կրիպտո բիզնես է մտել Bitfinex բորսայի ներդրումների միջոցով և հետագայում ղեկավարել այն։ 2014-ին նա գործընկերների հետ հիմնել է Tether-ը, իսկ Արդոինոն մինչ ընկերության ղեկավար դառնալը եղել է Bitfinex-ի և Tether-ի տեխնիկական տնօրենը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում