Հայաստանի եւ Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիաների միջեւ նոր համագործակցություն

2 Min Read

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (CDA) եւ Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիան (KDPW) ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ իրենց շուկաների միջեւ ուղիղ գործառնական կապ հաստատելու վերաբերյալ։ Այս համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հայկական ընկերություններին ցուցակվել Վարշավայի ֆոնդային բորսայում։

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Երեւանում՝ երկու երկրների Կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավար ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Օտարերկրյա Կենտրոնական դեպոզիտարիաների հետ գործառնական կապերը հեշտացնում են Վարշավայի ֆոնդային բորսայում եւ օտարերկրյա ֆոնդային բորսաներում երկակի ցուցակված (dual-listed) ֆինանսական գործիքների հետ կապված գործարքների իրականացումը։ CDA-ի եւ KDPW-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը, որի նպատակն է գործառնական կապ հաստատել Հայաստանի դեպոզիտարիայի հետ, հնարավորություն կտա KDPW-ին բացել արժեթղթերի անվանատիրոջ հաշիվ CDA համակարգում։ Սա թույլ կտա տեղական թողարկողներին ցուցակել իրենց արժեթղթերը լեհական կապիտալի շուկայում»,- ասվում է հաղորդագրությունում։

«Ստորագրված համաձայնագիրը երկարաժամկետ համագործակցության սկիզբ է դնում, որը փոխշահավետ արդյունքներ կապահովի թե՛ հայկական, թե՛ լեհական շուկաների համար։ Այս համաձայնագիրը համահունչ է այն ավելի լայն ռազմավարությանը, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը եւ ամրապնդել դրա կապերը ԵՄ շուկաների հետ։ Մեր Կենտրոնական դեպոզիտարիաների միջեւ գործառնական կապի հաստատումը նոր ներդրումային հնարավորություններ կառաջարկի երկու շուկաներում»,-նշել է Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիայի նախագահ եւ գործադիր տնօրեն Մաչեյ Տրիբուխովսկին։

2022-ի հունիսին Վարշավայի ֆոնդային բորսան (GPW) ձեռք է բերել Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 65.03% բաժնեմասը, որը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100% բաժնետերն է։

«CDA-ի համար այս ձեռքբերումը KDPW-ի հետ մեկ տարուց ավելի տեւած արդյունավետ համագործակցության արդյունքն է, եւ մեր կապիտալի շուկայի զարգացման ռազմավարության կարեւոր հիմնաքար։ Բացի Հայաստանի եւ Վարշավայի ֆոնդային բորսաների միջեւ փոխցուցակման (cross-listing) եւ երկակի ցուցակման (dual-listing) հնարավորությունից, այս համագործակցությունը Հայաստանը դիրքավորում է որպես տարածաշրջանային վերջնահաշվարկի կենտրոն՝ գլոբալ կապերով։ Այս կապի միջոցով մենք ստեղծում ենք մի կամուրջ, որը թույլ կտա եվրոպական եւ լեհ ներդրողներին մուտք գործել Հայաստանի աճող գրավիչ պարտատոմսերի շուկա՝ ի վերջո խորացնելով շուկայի իրացվելիությունը, բարձրացնելով թափանցիկությունը եւ խթանելով ավելի մեծ ինտեգրում միջազգային կապիտալի շուկաների հետ», — նշել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով