«Մաքսային կարգավորման մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ

1 Min Read

ԱԺ-ում ընթացող տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

Նախագծի մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի  ներդրման անհրաժեշտությամբ, որը միտված է մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման և մարման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել հետևյալ բարելավումները. միասնական հաշվի կիրառում համապատասխան դրամական միջոցների համալրման և այդ միջոցներով պարտավորությունների մարման նպատակով` անկախ մաքսային մարմնից և վճարի տեսակից, ինչն էականորեն կդյուրացնի դրամական միջոցների հոսքի հաշվառումը, անհատական հաշվի հասանելիություն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար, տույժերի ինքնաշխատ հաշվարկ և հաշվառում` համաձայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերի և կարգի, պարտավորությունների ինքնաշխատ մարման հնարավորություն` համաձայն վճարողի կողմից սահմանված կարգաբերումների,  գերավճարների տնօրինման, գումարների վերադարձի ընթացակարգերի դյուրացում:

Համլետ Սահակյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով