Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից հողամասը

1 Min Read

Տավուշի մարզի դատախազությունում, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում, պարզվել է, որ Իջևան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնակատարի կողմից 2014 թվականի նոյեմբերի 28-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Պայմանագրի համաձայն՝ կառուցապատողին է տրամադրվել Իջևան համայնքի Սպանդարյան փողոցի 1/91 հասցեում գտնվող քաղաքային զբոսայգու շատրվաններին կից՝ հասարակական կառուցապատման նշանակության 0.03 հա մակերեսով հողամաս՝ 99 տարի ժամկետով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառուցապատման իրավունք ունեցող անձը հողամասից օգտվել է պայմանագրի պայմաններին անհամապատասխան՝ չի իրականացրել կառուցապատում:

Մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևան համայնքի ղեկավարին՝ հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը դադարեցնելու, անշարժ գույքը համայնքին վերադարձնելու վերաբերյալ:

Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ Սպանդարյան փողոցի 1/91 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը դադարեցվել է. Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից՝ 0.03 հա մակերեսով հողամասը:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով