SoftBank-ի Vision Fund ներդրումային խումբը նախատեսում է աշխարհով մեկ կրճատել իր աշխատակիցների մոտ 20%-ը՝ ռեսուրսները վերաուղղելով ԱՄՆ-ում արհեստական ինտելեկտի (AI) մասշտաբային ներդրումներին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ներքին հուշագիրը։
Vision Fund-ի ներկայացուցիչը հաստատել է կրճատումները՝ նշելով.
«Մենք շարունակաբար հարմարեցնում ենք կազմակերպությունը, որպեսզի արդյունավետ իրականացնենք մեր երկարաժամկետ ռազմավարությունը՝ խիզախ ներդրումներ կատարել արհեստական ինտելեկտի և նորարարական տեխնոլոգիաների մեջ՝ ստեղծելով երկարաժամկետ արժեք մեր շահագրգիռ կողմերի համար»։
Սա արդեն երրորդ կրճատումների ալիքն է 2022 թվականից ի վեր։ Այս պահին Vision Fund-ում աշխատում է ավելի քան 300 մարդ։ Ի տարբերություն նախորդ կրճատումների, որոնք պայմանավորված էին մեծ վնասներով, այս կրճատումները տեղի են ունենում հաջող եռամսյակի ֆոնին։ Վերջին ամսվա ընթացքում ֆոնդը գրանցել է լավագույն արդյունքը 2021-ի հունիսից ի վեր՝ շնորհիվ Nvidia-ի և հարավկորեական Coupang-ի արժեթղթերի աճի։
Reuters-ի տեղեկացմամբ՝ այս քայլը վկայում է ռազմավարության փոփոխության մասին․ լայնածավալ ստարտափային պորտֆելից անցում է կատարվում դեպի ավելի կենտրոնացված նախագծեր։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում է $500 մլրդ արժողությամբ Stargate նախագիծը՝ ԱՄՆ-ում մեծածավալ տվյալների կենտրոնների ցանց ստեղծելու գաղափարը OpenAI-ի հետ համագործակցությամբ։
Անցած 12 ամիսների ընթացքում հիմնադիր Մասայոշի Սոնը Vision Fund 2-ի միջոցով շուրջ $9,7 մլրդ է ներդրել OpenAI-ում, որի ակտիվները կազմում են մոտ $65,8 մլրդ։ Բացի այդ, SoftBank-ը կառուցում է կապիտալատար ենթակառուցվածքային ռազմավարություն իր Arm չիպերի մշակման ընկերության շուրջ՝ ձեռք բերելով Graphcore և Ampere Computing ստարտափները, ինչպես նաև ներդրումներ կատարելով Intel-ում և Nvidia-ում։ Այս քայլերը միտված են ստեղծել էկոհամակարգ, որը միավորում է չիպերը, տվյալների կենտրոնները և AI մոդելները՝ աջակցելու արհեստական ինտելեկտի ապագա զարգացմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում