45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք կբերվեն կառավարության բյուջեի վերաբաշխման շնորհիվ: Տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարի օգտագործվող 30 տրոլեյբույսներին: Առաջարկվում է 45 տրոլեյբուսի համար որպես կանխավճար վճարել 30 տոկոսը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախ հաստատեց՝ մրցույթը կայացել է, արդեն իսկ գնված 30 տրոլեյբուս կա, և 45 նոր տրոլեյբուսներով, որոնք Կառավարության աջակցությամբ կգնվեն, տրոլեյբուսային պարկը ամբողջությամբ կթարմացվի:
«Այլևս մենք չենք ունենալու քաղաքում հին տրոլեյբուսներ»,— հայտարարեց Ավինյանը՝ հավելելով, որ ֆինանսական միջոցների հատկացումից հետո ակնկալվում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում բոլոր 45 տրոլեյբուսները կլինեն Երևանում և կլինեն նոր գծերի մեջ:
«Այս գնումով Երևան քաղաքի տրոլեյբուսային պարկն ամբողջապես իր կազմը փոխում է նոր տրոլեյբուսներով»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով վարչապետին, քանի որ սա Փաշինյանի նախաձեռնությունն է:
Ավինյանը նաև նշել է, որ մինչև այս տարվա վերջ 507 վերելակ է փոխվելու Երևանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում