Եվրամիությունը քննարկում է Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը

2 Min Read

Ինտերպրեսնյուսի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Անիտա Հիպպերը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը ուսումնասիրում է Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։

Նա նշել է, որ հաշվի առնելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից թույլ տրված «ժողովրդավարությունից զանգվածային շեղումը», քննարկվում են ճնշում գործադրելու լրացուցիչ տարբերակներ՝ «սկսած պատժամիջոցներից մինչև անվիզա ռեժիմի կասեցում»։

Հիպպերը մատնանշել է Վրաստանում բողոքի ակցիայի մասնակիցների և ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալությունները։ Սեպտեմբերի 15-ի դրությամբ «Փոփոխության համար» արևմտամետ կոալիցիայի բոլոր չորս առաջնորդները՝ Զուրաբ Գիրչի Ջափարիձեն, Նիկա Գվարամիան, Նիկա Մելիան և Էլենե Խոշտարիան, բանտում էին։ Խոշտարիան ձերբակալվել էր նախորդ օրը՝ իշխող կուսակցության՝ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի քարոզարշավի պաստառի վրա «Ռուսական երազանք» գրելու համար։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ գույքին վնաս հասցնելու համար։

Հիպպերը հայտարարել է, որ Եվրամիությունը «լիակատար համերաշխություն է հայտնում այդ անձանց հետ» և կոչ է անում «անհապաղ ազատ արձակել նրանց»։ Նա նաև հիշեցրեց, որ ԵՄ-ն արդեն իջեցրել է Վրաստանի հետ քաղաքական շփումները և դադարեցրել է ֆինանսական օգնություն ցուցաբերել նրա իշխանություններին՝ միաժամանակ մեծացնելով քաղաքացիական հասարակության աջակցությունը։

Politico-ի աղբյուրները հուլիսին հաղորդել էին, որ եվրոպացի դիվանագետները քննարկում են Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերացման հարցը՝ կառավարության կողմից բողոքի ցույցերի դեմ պայքարի պատճառով։

Նախկինում ԵՄ խորհուրդը կասեցրել էր վրացի դիվանագետների և պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքների և «ԼԳԲՏ քարոզչության» արգելքի պատճառով։

Վրաստանի ներքաղաքական իրավիճակը և հարաբերությունները ԵՄ-ի հետ վատթարացան 2024 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում «Վրացական երազանքը» հաղթեց ձայների 53.93%-ով։ Ընդդիմությունը մեղադրեց իր մրցակիցներին ընտրակեղծիքների մեջ և հրաժարվեց ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ նոյեմբերի 28-ին կառավարությունը կասեցրեց եվրաինտեգրման գործընթացը։ Այս որոշումը զանգվածային բողոքի ցույցեր առաջացրեց։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով