Deutsche Bank–ի գլոբալ արժութային հետազոտությունների ղեկավար Ջորջ Սարավելոսի տվյալներով՝ վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ ամերիկյան ակտիվների վրա հիմնված արժութային հեջավորում( ներդրումային դիրք, որի նպատակն է նվազեցնել ներդրումների արդյունքում հավանական կորուստների կամ օգուտների ռիսկը) ունեցող ETF-ների կապիտալի հոսքերը գերազանցել են հեջավորում չկիրառող ֆոնդերին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ավելի քան 500 ֆոնդի վիճակագրությանը։
Սարավելոսի խոսքով՝ դոլարի թուլացումը պայմանավորված է ակտիվ արժութային հեջավորմամբ, թեև արտասահմանյան ներդրողները շարունակում են գնել ամերիկյան ակտիվներ։ Ներդրողները նախընտրում են ապահովագրել արժութային ռիսկերը՝ յուրաքանչյուր գործարքի համար համարժեք արժույթ վաճառում են ռիսկերը նվազեցնելու նպատակով։
Ներկայումս հեջավորված հոսքերը կազմում են ամերիկյան բաժնետոմսերի ETF ներդրումների ավելի քան 80%-ը և ֆիքսված եկամտով շուկաների մոտ 50%-ը։ Bloomberg Dollar Spot ինդեքսը 2025-ի սկզբից նվազել է մոտ 9% և մնում է տարվա նվազագույն արժեքներին մոտ։
Ակնկալվում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների սպասվող իջեցումը կկրճատի դոլարային ակտիվների հեջավորման ծախսերը, ինչն էլ կարող է շարունակել ճնշել դոլարի արժեքը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում