Տնտեսությունը հենված է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների վրա: Վերջիններիս ֆինանսական կայունությունը էական նշանակություն ունի ինչպես տվյալ կազմակերպության, այնպես էլ տվյալ ոլորտի և տնտեսության համար: Նորմալ է, երբ մրցակցային պայքարի շրջանակներում որոշ կազմակերպություններ թողնում են շուկան, իսկ մյուսները շարունակում են իրենց առաջընթացը, սակայն այստեղ էական նշանակություն ունի կազմակերպությունների՝ տվյալ շուկան լքելու ինտենսիվությունը և պատճառները:
Մասնավորապես, կազմակերպությունների տեսանկյունից կարևոր ցուցանիշ է վնասով աշխատելու ժամանակահատվածը, որի չափազանց երկար պահպանումը, ի վերջո, հանգեցնում է կազմակերպության սննանկացման ու շուկայից դուրս գալուն:
Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել ՀՀ-ում վնասով աշխատող ոչ առևտրային կազմակերպությունների տեսակարար կշիռը 2020 և 2021թթ․-երին.
Գծապատկեր 1․Վնասով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռները 2020 և 2021թթ․-երին
Պարզվում է՝ 2021թ․-ին վնասով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռը կազմակերպությունների ընդհանուր թվաքանակում կազմել է 15%, որը, 2020թ․-ի համեմատ, կրճատվել է 8 տոկոսային կետով:
2021թ․-ին, 2020թ․-ի համեմատ, վնասով աշխատող ընկերությունների տեսակարար կշռի աճ է արձանագրվել հետևյալ ոլորտներում.
Գծապատկեր 2․ Վնասով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշռի էական աճը տնտեսության մի շարք ոլորտներում 2021թ.—ին` 2020թ.-ի համեմատ
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, 2020թ.-ի համեմատ 2021թ-ին շինարարության ոլորտում վնասով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռն աճել է 4.4 տոկոսային կետով՝ կազմելով 18%:
0.3 տոկոսային կետով աճել է վնասով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռը մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտներում:
Վնասով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշռի էական անկում է նկատվել հետևյալ ոլորտներում.
Գծապատկեր 3․ Վնասով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշռի էական նվազումը տնտեսության մի շարք ոլորտներում 2021թ.—ին` 2020թ.-ի համեմատ
Գծապատկեր 3-ում կարող ենք նկատել, որ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործում ոլորտում վնասով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռը 2021թ.-ին, 2020թ.-ի համեմատ, նվազել է շուրջ 25 տոկոսային կետով՝ կազմելով 10%:
15.1 տոկոսային կետով վնասով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշռի անկում է դիտվել գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում, որտեղ 2021թ.-ին վնասով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռը հաստատվել է 21% մակարդակում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում