Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ «Raiffeisen International» բանկային կորպորացիան Վիեննայում առաջին անգամ անցկացրեց «Հայկական բանկային օրեր» խորագիրը կրող միջոցառումը` նվիրված Հայաստանի և Եվրոպայի ֆինանսական ոլորտների համագործակցության խորացմանը։
Raiffeisen Bank International (RBI)-ում կայացած հանդիպման շրջանակում ելույթներով հանդես եկան RBI-ի Կառավարման խորհրդի նախագահ Յոհան Ստրոբլը և Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ՀՀ ԿԲ և Բանկերի միության կողմից ներկայացվեց «Տարածաշրջանային մակրոտնտեսական հեռանկար» խորագրով զեկույցը, որին հաջորդեցին զեկույցներ Raiffeisen Bank International-ի կողմից, մասնավորապես՝ համապատասխանության, ֆինանսական անվտանգության թեմաների շուրջ, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնտեսական հեռանկարների վերաբերյալ եվրոպական բանկերի տեսլականը։ Հիմնական զեկույցներին հաջորդեցին նաև երկկողմ հանդիպում-քննարկումեր՝ հայկական բանկերի և RBI ստորաբաժանումների միջև։
«Հայկական բանկային օրեր» խորագիրը կրող միջոցառումն ամփոփվեց ընդունելությամբ, որին մասնակցեցին Ավստրիայի էկոնոմիկայի, Էներգետիկայի և տուրիզմի դաշնային նախարարության, Եվրոպական և միջազգային գործերի Ավստրիայի նախարարության, Տնտեսական պալատի, Ավստրիական Զարգացման գործակալության ներկայացուցիչները և ՀՀ Կենտրոնական բանկի, ՀԲՄ, առևտրային բանկերի, ինչպես նաև ֆինանսական այլ կառույցների ղեկավարները։
Երախտագիտություն հայտնելով Raiffeisen Bank International-ին հյուրընկալության և Հայաստանի բանկային համակարգին ցուցաբերած գործընկերային աջակցության համար՝ Հայաստանի Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը փաստեց, որ կայացած քննարկումները կողմերին հնարավորություն տվեցին փոխանակվելու գաղափարներով, քննարկելու ոլորտի հրատապ մարտահրավերները և բացահայտելու համագործակցության նոր հորիզոնները։
«Սա ևս մեկ առիթ է վերահաստատելու մեր համատեղ տեսլականը ապագայի համար։ Մենք հավատում ենք, որ երկխոսությունը չպետք է սահմանափակվի միայն պաշտոնական հանդիպումներով։ Այն պետք է դառնա շարունակական ավանդույթ։ Պարբերական շփումների և վստահության հիման վրա մենք կարող ենք նպաստել Հայաստանի ֆինանսական համակարգի երկարաժամկետ կայունությանն ու նորարարական զարգացմանը և դրա ինտեգրմանը համաեվրոպական ու գլոբալ հարթակներում»,-ընդգծել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։