Հուշադրամ՝ նվիրված Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին

3 Min Read

ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ (1925–1988 թթ.)՝ հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975 թ.), ՀԽՍՀ (1977 թ.) և ԽՍՀՄ (1982 թ.) ժողովրդական արտիստ։

Ծնվել է Թելավ քաղաքում (Վրաստան)։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում, այնուհետև կատարելագործվել Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտում։

1951–1954 թթ. որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի տարբեր թատրոններում, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ: «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է 1954 թ-ից։ Առաջին ֆիլմերն են՝ «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.):

Մալյանի լավագույն և մրցանակների արժանացած ֆիլմերից են՝ «Եռանկյունին» (1967 թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Հայրիկ» (1972 թ.), «Նահապետ» (1977 թ.), «Կտոր մը երկինք» (1980 թ.): Նրա ֆիլմերը ցուցադրվել են Կաննի, Դելիի, Լոնդոնի, Հոնկոնգի, Սան Ռեմոյի, Տոկիոյի, Մանիլայի միջազգային կինոփառատոներում, խորհրդային և հայկական ֆիլմերի տասնօրյակների շրջանակներում՝ Հոլանդիայում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Արգենտինայում, այլ երկրներում:

1980 թ. ստեղծել և գլխավորել է Երևանի կինոդերասանի թատրոն-ստուդիան (1988 թ-ից կրում  է նրա անունը)։ Այստեղ է բեմադրել «Հեքիաթները» ներկայացումը՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով, որը մինչև այսօր սիրված է հանդիսատեսի կողմից: 1982 թ. «Հեքիաթների» հիման վրա նկարահանվել է «Մի կաթիլ մեղրը» ֆիլմը:

Մալյանի ստեղծագործությունը մեծապես նպաստել է հայ ազգային կինոարվեստի առաջընթացին ու միջազգային ճանաչմանը. նրա ստեղծած կինոերկերը ազգայինի և համամարդկայինի յուրատեսակ համադրություն են:

Դիմերես՝ Մալյանի ինքնադիմանկարը, կադրեր «Եռանկյունին» և «Կտոր մը երկինք» ֆիլմերից, կինոժապավեն:

Դարձերես՝ Մալյանի դիմապատկերը, ոճավորված լեռներ և կադրատախտակ:

Էսքիզների հեղինակներ՝ Լուսինե Լալայան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը        100 դրամ

Մետաղը/հարգը                արծաթ 9250

Քաշը                              28,28 գ

Չափը                             28,0 x 40,0 մմ

Որակը                                      պրուֆ

Դրամաշուրթը                  հարթ

Թողարկման քանակը        300 հատ

Թողարկման տարեթիվը    2025


***

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար:

«Դրամագետ» վաճառասրահում ներկայացված դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://old.cba.am/Storage/AM/downloads/arjuyt/Dramaget_arm.pdf

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով