ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ՝  ԾՈՎԻ ԱԼԻՔՆԵՐԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

1 Min Read

Աշխարհը շարունակում է իր զարգացումը, որի տեմպերի պատշաճ մակարդակի պահպանման  համար անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի զգալի ծավալներ: Վերջիններիս նկատմամբ պահանջարկն է՛լ ավելի է աճելու` պայմանավորված բնակչության թվաքանակով և տնտեսությունների՝ իրենց առջև դրված զարգացման հեռանկարների տեմպերով:

Այս առումով, խրախուսվում են էլեկտրաէներգիայի արտադրության բոլոր հնարավոր միջոցները: Պատկերացրեք՝ մարդիկ էլեկտրաէներգիա են ստանում ծովի, օվկիանոսի ալիքների օգնությամբ:

Ծովի ալիքների էներգիան գեներացնող հզորությունները դեռևս այդքան շատ չեն, սակայն շուկան շարունակում է աճել: 2021թ.-ին Եվրոպայում ծովի ալիքների էներգիան գեներացնող սարքերի օգտագործմամբ ստացվել է 681 կՎտ էլեկտրաէներգիա:

Այս առումով, նոր տեխնոլոգիա է կիրառել շոտլանդական  ծովային էներգետիկ ընկերությունը: Վերջինս Շոտլանդիայի հյուսիսում` ծովի հատակում տեղակայել է նոր տեխնոլոգիական լուծումներով հագեցած գեներատոր, որը ծովի ալիքներից ստանում է էլեկտրաէներգիա: Նոր տեխնոլոգիան անվանում են Արքիմեդի ալիքներ (Archimedes Waveswing): Վերջինս արձանագրել է անհավատալի արդյունքներ՝ համեմատած ավանդական այլ նմանատիպ գեներատորների հետ:

Ի տարբերություն այլ գեներատորների՝ նոր գեներատորը չի լողում ծովի մեջ կամ վրայով, այլ ամրացված է ծովի հատակին և կարող է դիմանալ ցանկացած կլիմայական ալեկոծությունների: Իրական կենցաղային կարիքների բավարարման համար որոշում է կայացվել ստեղծել նոր տեխնոլոգիական գեներատորների ցանց, որոնք միասին կկարողանան ապահովել 500 կՎտ-ից մինչև 10 մՎտ էլեկտրաենէրգիա:

Կիսվեք այս հոդվածով