2025–ի օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար անհուսալի վարկեր ունեցողների տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շրջանակներում կհատկացվի 520 մլն դրամ. որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերի 9–ի դրությամբ ծրագրի շահառու է դարձել 5 715 մարդ, որոնցից 789–ի վարկերն ամբողջովին մարվել են։ Վերջիններիս համար ՀՀ կառավարությունն արդեն իսկ հատկացրել է 156 մլն դրամ։
«Վերլուծությամբ պարզվել է, որ շահառուներից 1532-ը կամ 27 տոկոսը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, այսինքն՝ նոր են աշխատանք ձեռք բերել:
Հատկանշական է, որ 1 շահառուի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 201 հազար դրամ (համախառն աշխատավարձի մասին է խոսքը), այնինչ միջոցառման մեկնարկից առաջ ֆորմալ զբաղված պոտենցիալ շահառուների միջին ամսական աշխատավարձը շուրջ 145 հազար դրամ էր, այսինքն՝ դիտվել է աճ միջին թվի համեմատությամբ 56 հազար դրամ կամ 36 տոկոսի շրջանակներում: Սա էլ կարող է ենթադրել ստվերից դուրս գալու մասին: Այն մարդիկ, որոնք ունեին աշխատավարձ, նրանց աշխատավարձը բարձրացել է: Ամբողջությամբ վարկը մարած 789 շահառուների վարկերի մարման համար արդեն հատկացվել է 156 մլն դրամ»,- ասել է նա:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ 540 շահառու դուրս են մնացել ծրագրից, քանի որ մինիմալ աշխատավարձի մասով չեն բավարարել ընթացիկ պահանջները։ Ակտիվ շահառուները, որոնք այս պահին օգտվում են ծրագրից, 4381 են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում