Բարդ է պատկերացնել ժամանակակից մարդու առօրյան առանց բանկային քարտերի այն պարագայում, երբ դեռևս մի քանի տարի առաջ գերակշռող էին կանխիկ դրամական միջոցներով գործարքները։
Վճարային քարտերի օգտագործման հնարավորույթուններն ու հարմարավետությունը տարեց տարի նոր մակարդակների է հասնում՝ էլ ավելի մեծ ոգևորություն առաջացնելով սպառողների շրջանում։ Դրանց միջոցով մարդիկ իրականացնում են տարբեր գործարքներ արդեն նույնիսկ տանից դուրս չգալով։
Ամբողջական պատկերը հասկանալու համար տարբերակում են ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները ՀՀ տարածքում և արտասահմանում, ինչպես նաև արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները ՀՀ տարածքում։
Վերոնշյալ երեք տեսակի գործարաքների քանակի և ծավալների վերաբերյալ 2025թ․ առաջին եռամսյակում առկա է հետևյալ վիճակագրությունը․
ԿԲ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025թ․ առաջին եռամսյակում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների քանակը ՀՀ տարածքում կազմել է մոտ 113 մլն միավոր, իսկ ծավալը՝ ֏1․4 տրլն։ Նկատենք, որ ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների քանակը ՀՀ տարածքում 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել է 18%-ով, իսկ ծավալը կրճատվել է մոտ 3%-ով։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ առաջին եռամսյակում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների քանակն արտասահմանում կազմել է մոտ 11 մլն միավոր, իսկ ծավալը՝ մոտ ֏239 մլրդ։ Նկատենք, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների քանակը արտասահմանում աճել է 60%-ով, իսկ ծավալը՝ շուրջ 29%-ով։
Եվ վերջապես, վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների քանակը ՀՀ տարածքում 2025թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել է 54%-ով՝ կազմելով մոտ 4 մլն միավոր, իսկ իրականացված գործարքների ծավալները կրճատվել են մոտ 30%-ով՝ կազմելով շուրջ ֏58 մլրդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում