Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025թ․ հուլիս ամսվա սոցիալ-տնտեսական առանցքային ցուցանիշները․
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2025թ․ հուլիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏244,002 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏68,430 մլն:
2025թ․ հուլիսին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏581,929 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏336,025 մլն արդյունքները:
2025թ․ հուլիսին ՀՀ-ում արտադրվել է 863 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի հուլիսին կազմել է ֏304,629: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $701մլն և $1,046մլն:
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2025թ․հուլիսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2024թ․ հուլիսի և 2025թ․ հունիսի արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ.
Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 8․9%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5․3%։
Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները մի քանի ամիսների անկումից հետո, 2025թ․ հուլիսին 2024թ․ նույն ամսվա համեմատ արձանագրել են աճ` շուրջ 4%-ով, իսկ 2025թ․ հունիսի համեմատ աճը կազմել է շուրջ 7%:
2025թ․ հուլիսին 2024թ․ նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 3%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 7%։
2025թ-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 11%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ մոտ 2%։
2025թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 3․4%, իսկ հունիսի համեմատ արձանագրվել է գնանկում 0․8%-ով։
Նշված համադրելի ժամանակահատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6․4%-ով, իսկ 2025թ․ հունիսի համեմատ՝ 2․4%-ով։
Արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․ հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ նվազել են համապատասխանաբար 15․4%-ով և 16․5%-ով։ Մյուս կողմից 2025թ․ հուլիսին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 4․8%-ով, իսկ ներմուծման ծավալները աճել են՝ 3․7%-ով ։
- Ամփոփելով վերոգրյալ արդյունքները` նշենք, որ դրական է արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը 2025թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։
- Բավականին ցածր աճ է արձանագրվել առևտրաշրջանառության ծավալներում, ինչպես նաև զգալի անկումներ կան արտահանման և ներմուծման ծավալներում։
- Զգալի աճ է նկատվում շինարարության ծավալներում։