ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդարանում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ներկայացրել է 2023 թ. բյուջետային հատկացումները։
ՏԿԵ նախարարության ծախսային մասով գալիք տարվա համար կհատկացվի 298,6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հատկացումից 9 տոկոսով ավելի է:
Այս գումարը կազմում է պետական բյուջեի 11,5 տոկոսը: Նախարարությունը հաջորդ տարի նախատեսում է իրականացնել 23 ծրագիր՝ 137 միջոցառումով:
Տրանսպորտի ոլորտին նախատեսված է հատկացնել 115 մլրդ դրամ
ջրային ոլորտին՝ 49,6
էներգետիկ ոլորտին՝ 27
տարածքային կառավարման ոլորտին՝ 137,8 մլրդ դրամ:
Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Նախարարը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը:
«Տարածքային զարգացում» ծրագրի իրականացման համար կհատկացվի 99 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հատկացումից ավելի է 15,5 մլրդ դրամով: Մյուս խոշոր հատկացումը վերաբերում է սուբվենցիոն ծրագրերին: Գալիք տարում այս ծախսերին կհատկացվի 23 մլրդ դրամ. այս տարի հատկացվել է 18 մլրդ:
Սահմանամերձ համայնքներին աջակցելու նպատակով 2023 թ. կհատկացվի 973 մլն դրամ: Սահմանամերձի կարգավիճակ ունեն 23 համայնք և 82 բնակավայր:
«Երևան քաղաքին սուբվենցիաների հատկացում» ծրագրով նախատեսված է տրամադրել 5,4 մլրդ դրամ:
«Քաղաքային զարգացում» ծրագրին կհատկացվի 23,4 մլրդ դրամ: Մասնավորապես, Երեւան քաղաքի համար ավտոբուսներ գնելու համար կտրամադրվի 11,3 մլրդ դրամ: Նախարարը հայտնել է, որ արդեն մոտենում է ավտոբուսների գնման և վճարման փուլը:
Գյումրիի համար նախատեսված է 700 մլն դրամ: Այս գումարի շրջանակում կիրականացվեն լուսավորության, ճանապարհաշինական աշխատանքներ:
2023 թ. օտարվելու է 10 մլրդ դրամի չափով պետական գույք:
49,6 մլրդ դրամ նախատեսված է հատկացնել ջրային ոլորտին: 32,8 մլրդ կհատկացվի «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրին:
Մասնավորապես, 10,6 մլրդ դրամ հատկացվելու է Կապսի ջրամբարի շինարարությանը, 5,5 մլրդ՝ ոռոգման համակարգերի զարգացմանը և այլն:
«Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի բարելավում» ծրագրին կտրամադրվի 15 մլրդ դրամ:
Երևան քաղաքին հատկացումները գալիք տարում 6,2 մլրդ դրամով ավելի կլինեն
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում