Բանկային համակարգը փորձում է օգնել թե՛ պատերազմի մասնակիցներին, թե՛ ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին. ԿԲ նախագահ

2 Min Read

Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝ հայտարարելով, թե ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները չեն կարողանում իրենց տրանսպորտային մեքենաների ԱՊՊԱ պայմանագրերը կնքել Հայաստանում՝ բախվելով խոչընդոտների:

Գալստյանը խոստովանեց՝ առաջին անգամ է լսում նման խնդրի մասին, խնդրեց իրեն տեղեկություն տալ և եթե նման դեպքեր կան, ինքը հետամուտ կլինի խնդրի լուծմանը:

Պատգամավորի հաջորդ հարցը դարձյալ վերաբերում էր ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, Դանիելյանը ասաց՝ շատ բանկեր հրաժարվում են նրանց վարկ տրամադրել՝ պատճառաբանելով, որ ունեցել են ԼՂ-ում վարկային պարտավորություններ:

«Ես հասկանում եմ, որ ամեն մի պատմություն առանձին մարդու ճակատագրի պատմություն է, այսինքն՝ ես չեմ ուզում համախմբել խնդիրը, բայց, մեծ հաշվով, 2020 թվականի պատերազմից հետո բանկային համակարգում ստեղծվել է մի իրավիճակ, որ բանկային համակարգը անընդհատ փորձում է օգնել թե՛ պատերազմի մասնակիցներին, թե՛ հաշմանդամներին, թե՛ ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին:

Մենք փորձում ենք սիստեմատիկ ձևով ինչ-որ հարցեր լուծել, բայց դա բնավ չի ենթադրում, որ չեն կարող լինել առանձին դեպքեր, որոնց վերաբերյալ անհատական մոտեցումներ է պետք ցուցաբերել:

Բանկային համակարգը միլիարդավոր դրամների զիջումներ ու դուրսգրումներ է արել, բայց եթե կան անհատական դեպքեր, որոնք կապված են մարդու կողմից ինչ-որ խնդիրներ ունենալուն, պետք է առանձին նայել ու լուծում տալ»,- ասաց նա:

Մարտին Գալստյանի խոսքով՝ հարցը համակարգային չէ, եթե լիներ, ինքը տեղյակ կլիներ խնդրի մասին:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով