Ուրանի պաշարները հալվում են. միջուկային արդյունաբերությունը ճգնաժամի եզրին է

1 Min Read

Ուրանի վառելիքի պահանջարկի աճի ֆոնին համաշխարհային ուրանի հանքերի սպառումը կարող է ճգնաժամ առաջացնել միջուկային արդյունաբերության մեջ: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով Համաշխարհային միջուկային ասոցիացիայի զեկույցին:

«Քանի որ առկա հանքերը սպառման են ենթարկվում հաջորդ տասնամյակում, բնական ուրանի նոր պաշարների անհրաժեշտությունը դառնում է ավելի ու ավելի հրատապ… Կպահանջվեն լայնածավալ երկրաբանական հետազոտություններ, նորարարական հանքարդյունաբերության մեթոդներ, արդյունավետ թույլտվությունների համակարգ և ժամանակին ներդրումներ», — կարծում են ասոցիացիայի փորձագետները:

Ամերիկյան Energy Fuels ընկերության գործադիր տնօրեն Մարկ Չալմերսը նշում է, որ շատ ձեռնարկություններ կնվազեցնեն ուրանի արտադրությունը՝ հանքերի ծերացման և դրանց արտադրողականության նվազման պատճառով: Համաշխարհային միջուկային ասոցիացիայի տվյալներով՝ մինչև 2030 թվականը միջուկային ռեակտորներում ուրանի սպառումը կաճի մեկ երրորդով՝ մինչև 86 հազար տոննա, իսկ մինչև 2040 թվականը կհասնի 150 հազար տոննայի:

Սա կարող է հանգեցնել առաջարկի և պահանջարկի միջև «զգալի անհամապատասխանության», որը կսպառնա ամբողջ արդյունաբերության զարգացմանը: Այս առումով, փորձագետները կոչ են անում ներդրումներ կատարել ուրանի վերամշակման և հարստացման տեխնոլոգիաների մեջ, որոնք թույլ են տալիս ուրանը վերածել ռեակտորների համար վառելիքի։

«Ֆայնենշլ Թայմս»-ը նշում է, որ ուրանի նոր հանքերի բացումը բարդ և երկարատև գործընթաց է, որը կարող է տևել 10-ից 20 տարի՝ հանքավայրի հայտնաբերումից մինչև արտադրության մեկնարկը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով